Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկման վարչության պետ Արման Եդոյանը, որի անունը կապվում է տարբեր աղմկահարույց իրադարձությունների հետ, կրկին հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Նա կասկածվում է կաշառք պահանջելու մեջ։
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանից տեղեկացանք, որ Երևան քաղաքի բնակիչ Արտակ Գրիգորյանը հաղորդում է ներկայացրել, և նրա տված բացատրություններում տվյալներ են պարունակվել իրենից կաշառք պահանջելու մասին:
Քաղաքացու հաղորդումը ՀՀ դատախազությունից ուղարկվել է ոստիկանություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով քրեական գործ հարուցելու հիմքերը ստուգելու համար:
Արման Եդոյանը 2015 թվականին վրաերթի էր ենթարկել մի քաղաքացու, որը տեղում մահացել էր: Այս գործով նախաքննությունը դեռ ավարտին չի հասցվել:
Եդոյանը նաև օր ու արև չի տալիս փողոցում բացօթյա առևտուր անող քաղաքացիներին: Փուչիկ վաճառող մի երիտասարդ էլ ժամանակին հայտարարել էր, որ Արման Եդոյանն իրեն ծեծի է ենթարկել: