«Մկան ծակը փոխ են առել, վախեցած են». Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան ակցիայի արդյունքի մասին. armtimes.com
Advertisement 1000 x 90

«Մկան ծակը փոխ են առել, վախեցած են». Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան ակցիայի արդյունքի մասին. armtimes.com

Դեկտեմբերի 8-ին քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի՝ գնաճի եւ աղքատների մասին սկանդալային հայտարարությունից հետո ֆեյսբուքյան իր էջում ակցիա նախաձեռնեց. «Սկսում ենք ակցիա, որով պահանջում ենք, որ ՀՀԿ ֆրակցիայի պատգամավոր Հակոբ Հակոբյանը վայր դնի մանդատը: Կարծում եմ ակցիան բացատրության կարիք չունի: Ոչ ադեկվատ մարդիկ, որոնք հոգեբույժի կարիք ունեն, իրավունք չունեն ձևավորել մեր օրենսդրական դաշտը: Համարեք այս գրառումը ակցիայի ստարտ»:

Ֆեյսբուքահայությունը ակտիվ կերպով կողմ էր ակցիային: Իսկ ի՞նչ արդյունքներ եղան, այս հարցի պատասխանը armtimes.com-ը ստացել է հենց Կարեն Քոչարյանից:

– Պարոն Քոչարյան ի՞նչ արդյունք ունեցաք ակցիան սկսելուց հետո, արդյո՞ք այն շարունակական բնույթ է կրելու:

– Նախ՝ արդյունքը նա է, որ երևի թե առաջին անգամ Հանրապետական կուսակցությունը Էդուարդ Շարմազանովի մակարդակով ֆիքսեց, փաստացի դատապարտեցին ասվածը, և մամուլում էլ եղան հրապարակումներ, որ բերում, մտցնում են ցուցակ, իրենք 5 տարի օգտվում են էդ առավելություններից ՝ ռոումինգի գումար է վճարվում իրենց տեղը, պադավատ են ունենում, գործուղումներ են գնում, անցնում է 5 տարի իրենք այսպես՝ ինչ-որ բաներ դուրս տալով նորից են մտնում ցուցակ, նորից են գնում ու իրականությունից կտրվում են: Հերթական անգամ չասացին, որ սխալ եք հասկացել և սխալ եք մեկնաբանում: Ի սկզբանե, հասկանալի էր, որ իրավական դաշտում որևիցե բան անել չի կարելի, այս ակցիան բարոյական դաշտում էր արված:

– Պարոն Քոչարյան, դուք առաջարկել էիք մանդատից զրկել Հակոբ Հակոբյանին, ճի՞շտ է:

– Ես առաջարկել էի, իհարկե, բայց հենց նույն օրը, երբ ինձ զանգեցին լրագրողները ես ասացի, որ սա արվում է բարոյական դաշտում, որովհետև ես շատ լավ հասկանում եմ, որ իրավական դաշտում ոչ մի բան անել հնարավոր չէ: Բարոյական դաշտում ինչ-որ արդյունքներ գրանցվեցին:

– Փաստորեն, հերթական անգամ միայն բարոյական հաղթանակո՞վ ենք բավարարվելու:

– Բարոյական հաղթանակ չէր դա, կոնկրետ հաղթանակ էր:

– Ամեն դեպքում, պարոն Քոչարյան մարդիկ ներողություն չխնդրեցին հանրությունից, և շարունակում են պաշտոնավարել:

– Ես այս առումով շարունակելու եմ, պարզ է, որ ես փողոց չեմ դուրս գալու, ես դա ի սկզբանե եմ ասել, որ սա ճնշման ակցիա է:

– Սոցցանցերի միջոցո՞վ:

– Այդ թվում՝  սոցցանցերով, բա ո՞նց, փողոց դուրս գա՞նք: Դուք ինձ առաջարկեք:

– Չեմ կարող առաջարկել, արձանագրենք միայն, որ ամեն դեպքում դուրս է գալիս, որ սա բարոյական հաղթանակ է:

– Բարոյական չէր այդ հաղթանակը, նորից եմ ասում, սա կոնկրետ հաղթանակ էր, որովհետև իրենք՝ պատգամավորները և քաղաքական գործիչները՝ իշխանական և ոչ միայն իշխանական, երբեք չեն վախեցել հասարակական կարծիքից, իրենց ավելի շատ հետաքրքրել է շեֆերի կարծիքը, երբ որ իրենց շեֆերը կոնկրետ քայլեր են ձեռնարկել, դա արդեն մեծ հաղթանակ է, իրենք հիմա վախենում են, իրենք հիմա մկան ծակը փոխ են առել ու փորձեք հիմա խոսեցնել, զանգահարեք մի քանի պատգամավորի, ու փորձեք ինչ-որ բաներից հարցնել, կտեսնեք, որ ոչ մի բան չեն խոսի: Ես միշտ ասել եմ ընդհանրապես մասնագիտությունների վերաբերյալ մի խոսք կա, որ ասում են՝ բժիշկն ու սապյոռը իրավունք չունեն սխալվելու, այո, բայց դա չի նշանակում, որ մնացած մասնագիտությունները, այդ թվում նաև՝ քաղաքական գործիչները և պատգամավորները, պետք է օրական 3 անգամ սխալվեն և հիմար-հիմար դուրս տան՝ ինչ հնարավոր է և որտեղ հնարավոր է:

 

Նիկոլայ Ավետիսյան