Ինչպե՞ս տարբերակել «պլաստիկե բրինձը». փորձագետ
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս տարբերակել «պլաստիկե բրինձը». փորձագետ

Իսկական, «նորմալ» բրինձը սկսում է բորբոսնել պատրաստելուց հետո արդեն 3 օր անց, պնդում է ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը: Նրա խոսքով՝ բրինձի որակը կարելի է ստուգել պարզագույն թեստի միջոցով՝ մի փոքր բրինձ խաշել և այն տաք տեղում թողնել: Եթե բրինձը սկսի բորբոսնել, ուրեմն այն միանգամայն բնական է:

Պիպոյանի խոսքով՝ վերջերս իրեն մի կին էր դիմել՝ բողոքելով, որ վերջերս իր գնած բրինձը չի եփվում և վատ հոտ ունի: Մասնագետները անցկացրեցին վերևում նշված թեստը, ոը ցույց տվեց, որ մինչ բրինձի մյուս նմուշները տաք միջավայրում արագ բորբոսակալում էին, կնոջ բերած նմուշը այդպես էլ բորբոսով չծածկվեց՝ ոչ 3 օր անց, ոչ նույնիսկ 10 օր անց:

Ավելի ուշ այս բրինձը լաբորատորիայում ստուգեցին մանրադիտակի տակ: Եզրակացությունը միանշանակ էր՝ սա բրինձ էր: Սակայն այն ինչ-որ նյութով էր պատված, ինչի հետևանքով էլ, հավանաբար, ստացել էր բրինձի համար անսովոր հատկություններ՝ չէր բորբոսնում, ջերմային մշակման դժվար էր ենթարկվում և տհաճ հոտ ուներ:

Դավիթ Պիպոյանը նշեց, որ այսօր բոլորը խոսում են «պլաստիկե» բրինձի մասին, բայց իրականում այս բրինձը տառացիորեն պլաստիկից չի պատրաստված: «Պլաստիկե» բրինձի մասին խոսակցությունները սկսեցին շրջանառվել տեսահոլովակների հատնվելուց հետո այն մասին, թե ինչպես են պլաստմասսայից բրինձ արտադրում: Սակայն իրականում այդ հոլովակում ներկայացված էր դեկորատիվ բրինձի արտադրության գործընթացը, որը ուտելու համար չի նախատեսված:

Հայաստանում սպառողներին ամենևին այսպիսի բրինձ չի հանդիպել, այլ կա՛մ անորակ, կա՛մ կեղծված: Առաջին դեպքում խոսքը բրինձի մասին է, որն, ամենայն հավանականությամբ, մշակվել է ինչ-որ քիմիական նյութերով, որոնք խոչընդոտում են բորոբոսի հայտնվելուն (ինչպես, օրինակ, մշակում են ցիտրուսները, որ դրանք չփչանան): Կինն, ավելի շուտ, հենց այսպիսի բրինձ էր գնել: Իսկ երկրորդ դեպքում խոսքը կեղծված «բինձի» մասին է, որը պատրաստվում է կարտոֆիլի օսլայից՝ անհայտ սինթետիկ հավելուկների օգտագործմամբ: Պիպոյանի խոսքով՝ այսպիսի բրինձի մասին է նշված նաև ԵՄ-ում սննդամթերքի անվտանգության համար պատասխանատու մարմնի հաշվետվության մեջ: Սակայն նույնիսկ եվրոպացի մասնագետները դեռևս չեն կարող ճշգրիտ ասել՝ նման բրինձը վտանգավոր է, թե ոչ, քանի որ դեռևս չի հաջողվել պարզել, թե օսլայից բացի, ինչ նյութեր են օգտագործվել այն պատրաստելու համար:

Պիպոյանի խոսքով՝ կեղծված բրինձի շուրջ ոչ մի խուճապի և իրարանցման պատճառ չկա, սակայն հաստատապես չարժի այն սնունդի մեջ օգտագործել: Գնելիս  այսպիսի բրինձն անհնար է անզեն աչքով տարբերակել, սակայն եթե կասկածում եք բրինձի որակին, փորձեք թեստ անցկացնել, որի մասին նշեց փորձագետը:

Հիշեցնենք, որ լրագրող Նարինե Կիրակոսյանը դիմել է սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը՝ բողոքելով բրինձի վատ հոտից: Այս բրինձը Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան էր ներմուծել «Արմեն-Հասմիկ» ընկերությունը, որի պահեստներում մասնագետները հայտնաբերել են 130 կգ բրինձ: Բրինձի նմուշներն ուղարկվել են լաբորատոր փորձաքննության:

med.news.am