Երևանում ինքնագլորներով տեղաշարժվելը հաճախ փրկում է ամենօրյա խցանումներից, սակայն դրանք շարունակում են վտանգավոր լինել՝ ինչպես վարոդների, այնպես էլ՝ հետիոտնի համար։
«Հետիոտնի ու վարորդների նյարդայնանալը դեռ մի կողմ, հենց ինքնագլորներ վարողները կարող են փորձանքի հանդիպել, ու այդպես էլ հաճախ լինում է, երբ շատ արագ վարում է ու հարվածում որևէ մեկի: Պետք է կարգավորել սա, բայց դա իմաստ կունենա միայն մեկ դեպքում, եթե վերահսկողությունը լինի պատշաճ մակարդակի, իսկ հիմա կարծես թե լրիվ հակառակ ուղղությամբ է գնում»,- մեզ հետ զրույցում ասաց Հայաստանի ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիայի նախագահ Արտյոմ Պետրոսյանը:
Նրա փոխանցմամբ, օրինակ, մոտոցիկլետների դեպքում, կախված շարժիչի ծավալից՝ ենթադրվում է, թե այն վարելու իրավունք ունե՞ք, թե՞ ոչ:
«Կարևոր է առանձնացնել նաև հատվածները, որտեղ կարող են քշել ինքնագլորներ և այնպայման սաղավարտով: Առանց սաղավարտի քշելն ինքնասպանություն է»,- նկատեց Արտյոմ Պետրոսյանը:
Ավելի վաղ զրուցել էինք նաև ErevanRide-ի համահիմնադիր Ալբերտ Մանուկյանի հետ, ումից փորձեցինք ճշտել՝ ինչպիսի՞ կարգավորումներ են գործում այլ երկրներում, ովքե՞ր և որտե՞ղ կարող են վարել ինքնագլորներ, ինչպե՞ս պետք է շտկել ստեղծված իրավիճակը:
Նրա խոսքով՝ Երևանի ամենամեծ խնդիրներից մեկը ենթակառուցվածքի բացակայությունն է: Սկուտերների և հեծանիվների համար առանձնացված հատվածն ընդհանրապես բացակայում է՝ հատկապես Փոքր Կենտրոնում, ինչը մեծ խնդիր է:
«Միջազգային փորձը հետևյալն է. հնարավորության դեպքում սկուտեր պետք է վարել ավտոմեքենաների հետ՝ փողոցում: Եթե առանձնացված հատվածներ լինեն՝ մյուս տեղերում կփորձենք սահմանափակել վարելը: Կարևոր է, որ գոնե 2-3 փողոց սարքեն, որ մարդիկ քշեն այդ տեղերով»,- նշել էր Ալբերտ Մանուկյանը:
Նշենք, որ նախորդ տարի մարտի 1-ից մինչև հուլիսը 1-ն ընկած ժամանակահատվածում ինքնագլոր վարելու հետևանքով ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց վնասվածքներով դիմել է 38 մարդ։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում գրել էր ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
Վնասվածք ստացած անձինք հավասարաչափ արական և իգական սեռի ներկայացուցիչներ են։ «Ինչպես Եվրոպական տարածաշրջանի այլ պետություններում, մեզ մոտ ևս տուժածների մեծամասնությունը՝ 95%-ը, եղել են փոխադրամիջոցը վարած անձինք, իսկ 5%-ը՝ հետիոտներ, որոնք տուժել են ինքնագլորի հետ բախվելու հետևանքով: Հիվանդանոց դիմած բոլոր տուժածները, այդ թվում՝ նաև փոխադրամիջոցները վարող անձինք, եղել են չափահաս, մեծամասնությունը՝ 18-30 տարեկան (68%), իսկ 32%-ը` 30 և բարձր տարիքային խմբի ներկայացուցիչներ»,– նշված էր հաղորդագրության մեջ: Վնասվածքների բնույթի նկարագրով տուժածների 24%-ի մոտ ախտորոշվել են կոտրվածքներ:
Նա ընդգծել էր, որ հանրապետությունում ինքնագլորներ վարելու համար անհրաժեշտ են կարգավորումներ՝ ինչպես օրենսդրական, այնպես էլ՝ ենթաօրենսդրական մակարդակներում:
Անի Կարապետյան
168.am