Ի՞նչ անել, եթե ձեռքերն ու ոտքերն ամբողջ ժամանակ սառն են
Advertisement 1000 x 90

Ի՞նչ անել, եթե ձեռքերն ու ոտքերն ամբողջ ժամանակ սառն են

Շատերն են բողոքում, որ ձեռքերն ու ոտքերը սառն են, ըստ որում՝ ոչ միայն ձմռանը, տարվա այլ եղանակներին նույնպես: Բժիշկ Ջոն Բրիլը մի քանի խորհուրդ է տալիս, որոնք կարող են նման մարդկանց օգնել:

Հագուստ

Սառը ձեռքերի և ոտքերի պատճառն առավել հաճախ արյան վատ շրջանառությունն է: Ցածր ջերմաստիճանների ֆոնին այս խնդիրն առանձնապես հրատապ է դառնում, քանի որ անոթներն արագ են նեղանում: Վերջույթների ջերմաստիճանը բարձրացնելու համար փորձագետը խորհուրդ է տալիս լայն հագուստ հագնել: Մասնավորապես ձեռնոցի փոխարեն ավելի լավ է թաթման հագնել, իսկ կոշիկը չպետք է կիպ լինի: Սա թույլ կտա տաք օդային շերտի առաջացմանը, որը լրացուցիչ կտաքացնի:

Կծու ուտելիք

Մասնագետը խորհուրդ է տալիս սննդակարգի մեջ ընդգրկել կծու ուտելիք, եթե, իհարկե, դրա համար հակացուցումներ չկան: Կծու ուտելիքն անոթները լայնացնում է, լավացնում շրջանառությունը (սիրտը սկսում է արյունն ավելի լավ մատակարարել), բարձրացնում է մարմնի ընդհանուր ջերմաստիճանը: Դրանից բացի, պղպեղը հարուստ է А և С վիտամիններով, որոնք ամրացնում են անոթների պատերը և կանխում ընդարմացումը:

Իսկ ահա ծխախոտից, կոֆեինից և սպիրտայինից ձմռանն ավելի լավ է հրաժարվել, խորհուրդ է տալիս մասնագետը: Նիկոտինն ու կոֆեինը անոթները նեղացնում են: Իսկ ալկոհոլը ջրազրկում է և ամենւին չի տաքացնում, չնայած տարածված կարծիքին: Սպիրտայինի ազդեցությամբ մարդը պարզապես ցուրտն ավելի քիչ է զգում:

Ձուկ և տերևավոր բանջարեղեն

Ձուկը և կանաչ տերևավոր բանջարեղենը միանշանակ ցուցված են այն մարդկանց համար, որոնց ձեռքերն ու ոտքերը մշտապես սառն են: Ընդհանրապես ձկան յուղով, նիացինով, երկաթով հարուստ մթերքները և բիոլոգիական ակտիվ հավելումները օգնում են անոթների լայնացմանը՝ նպաստելով արյան նորմալ շրջանառությանը: Ձուկը մեծ քանակությամբ օմեգա-3 և օմեգա-6 ճարպաթթուներ է պարունակում, որոնք անոթների համար օգտակար են: Կանաչ տերևավոր բանջարեղենը և կարմիր միսը մեծ քանակությամբ երկաթ են պարունակում, որը նույնպես օգտակար է արյան շրջանառության համար: Նիացինն, իր հերթին, դանդաղեցնում է անոթների նեղացման պրոցեսը:

Ջրի հաշվեկշիռ

Մարմնում պահպանեք ջրի հաշվեկշիռը: Ջուրն օգնում է կարգավորել մարմնի ջերմաստիճանը և արյան շրջանառության մեջ կարևոր դերակատարում ունի: Բժիշկների խոսքով՝ ձմռանը մարդիկ հազվադեպ են նկատում, որ ջրազրկվել են: Այդ պատճառով անհրաժեշտ է ջուր խմել նույնիսկ այն դեպքերում, երբ սաստիկ ծարավ չեք: Եվ նախապատվություն պետք է տալ տաք ըմպելիքներին:

Շարժում

Եթե փողոցից տուն եք մտել, մի շտապեք նստել բազմոցին. մասնագետները խորհուրդ են տալիս ավելի շատ շարժվել: Սա հատկապես վերաբերում է գեր մարդկանց, որոնց ձեռքերի և ոտքերի արյան շրջանառությունը վատ է կատարվում, իսկ ցուրտը նրանք հաճախ չեն զգում ճարպաշերտի շնորհիվ:

Ընդհանուր առմամբ, եթե մարմինը տաքացել է, իսկ ձեռքերն ու ոտքերը սառն են մնում, սա անոթային շեղումների առաջին նշանն է: ՀՆարավոր են արտերիաների տեղային արգելափակում, անեմիա կամ մի շարք այլ խանգարումներ: Այս պատճառով, եթե արել եք այն ամենը, ինչ վերևում թվարկված է, սակայն, միևնույն է, տառապում եք սառը վերջույթների պատճառով, բժշկի հետ խորհրդակցեք:

med.news.am