SHAMSHYAN.com-ը ներկայացնում է երեկ՝ հունվարի 25-ին, Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի տեսանյութը, որը ֆիքսել է վթարի հարևանությամբ գտնվող խանութ-սրահի տեսախցիկը։ Ի
նչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հունվարի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի բնակիչ՝ 58-ամյա Ռադիկ Հովհաննիսյանը իր վարած HOWO մակնիշի 34 AN 592 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ելփին գյուղի վարչական տարածքում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ապառաժ քարերին և կողաշրջվել։
Վթարի հետևանքով վարորդ Ռ. Հովհաննիսյանն ու ուղևոր, վարորդի համագյուղացի, 57-ամյա Ռաֆիկ Առաքելյանը տեղում մահացել էին։ Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել էր Ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արսեն Խաչատրյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր էին ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ մարզային փրկարարական վարչության պետ Սամվել Ռշտունու գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի 2-րդ հերթափոխի ծառայողները՝ հերթափոխի պետ Սուրեն Հարությունյանի գլխավորությամբ մահացածների դիերը մեծ դժվարությամբ էին դուրս բերել ավտոմեքենայից։ Օպերատիվորեն ժամանել էին նաև Եղեգնաձորի հիվանդանոցի հերթապահ խումբը։
Դեպքի վայր էին ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության քննիչները՝ մարզային վարչության պետ Կամո Սահակյանի և հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Հարությունյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ ՀԿԳ քննիչ Ա. Հարությունյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով։ Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ ավտոմեքենան բարձված էր եղել խճաքարով և այն կողաշրջվելու հետևանքով ամբողջովին թափվել էր, և ճանապարհը մաքրելու համար օպերատիվորեն ժամանել էին նաև Եղեգնաձորի Ճանշինի աշխատակիցները։