«Արսենալի» նոր ֆուտբոլիստը պատրաստ է իր առաջնախաղին։
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն Արսեն Վենգերի «պահունակում» է և պատրաստ է իր դեբյուտին «Արսենալի» կազմում Սուոնսիի դեմ հաջորդ խաղում։ Այս մասին կիրակի հայտնել է Daily Star-ը։
Պարբերականը նշում է, որ Վենգերը թիմի կազմում վնասվածքների հետ կապված խնդիրներ ուներ, բայց դրանք, կարծես, լուծվել են։
«Մնացել է միայն Դենի Ուելբեկը, նա մկանների հետ կապված խնդիրներ ունի։ Մեկ էլ երկար ժամանակ բացակայող Սանտի Կասոռլան»,- գրում է պարբերականը։
Հոդվածի հեղինակը նշում է նաև, որ «Արսենալի» նոր ֆուտբոլիստ Մխիթարյանը պատրաստ է դեբյուտին, և հնարավոր է` դաշտ դուրս գա երեքշաբթի` հունվարի 30-ին։
«Մխիթարյանը «պահունակում է», ու մենք կարծում ենք, որ նա դաշտ դուրս կգա 4-3-3 սխեմայով, որին Արսեն Վենգերը վերադարձել է «Չելսիի» ու «Քրիսթալ Փելասի» դեմ ջախջախիչ հաղթանակից հետո»,- նշված է հոդվածում։
«Արսենալ»-«Սոունսի» խաղը կմեկնարկի հունվարի 30-ին, Երևանի ժամանակով 23:45-ին։
Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը չիլիացի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի` «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու գործարքի մի մասն էր դարձել։ Նրա փոխարեն «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «զինագործների» հարձակվող Ալեքսիս Սանչեսը։