Շախմատի միջազգային վարպետ Արիաննա Կաոիլին բարեգործական շախմատային միաժամանակյա խաղի սեանս անցկացրեց շուրջ 22 խաղատախտակների վրա:
«Իհարկե, սա իմ գաղափարը չէ, սակայն ես մեծ սիրով միացա այս նախաձեռնությանը, քանի որ ինքս էլ՝ Երևանի Ինթերնեյշնլ Ռոտարի Ակումբի մաս եմ կազմում»,- նշել է Արիաննան:
Երևանի Ինթերնեյշնլ Ռոտարի Ակումբը նախաձեռնել է Երևանի հանրային այգիներից մեկը, որը գտնվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, վերածել բարեկարգ գոտու և խաղահրապարակի:
Այգին կոչվելու է «Երևանի Ռոտարի այգի – Yerevan Rotary Park»: Ծրագրով նախատեսվում է այգին վերանորոգել և ստեղծել համապատասխան խաղային պայմաններ, որոնցից հավասարապես կարող են օգտվել և՛ առողջ, և՛ հաշմանդամություն ունեցող երեխաները: Այգին կծառայի նաև մեծահասակների հանգստի համար:
Շախմատային խաղին որպես հովանավորներ մասնակցում էին ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, ՄԱԿ-ի հայաստանյան կառույցների և միջազգային այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, գործարարներ, քաղաքական ու մշակութային գործիչներ: