100 ԱՄՆ դոլարով վաճառեց ամուսնական մատանին ու բիզնես սկսեց…
Advertisement 1000 x 90

100 ԱՄՆ դոլարով վաճառեց ամուսնական մատանին ու բիզնես սկսեց…

Այս տարի Հայաստանում գործող «Արտ Լանչ» ընկերության 16-րդ տարին լրացավ, «Արտ Լանչ» ճաշարանների՝ 8 տարին: «Արտ Լանչը» ստեղծվել է 2002 թ. և գործունեության առաջին 8 տարիներին զբաղվել են միայն լանչի առաքումներով, և արդեն 8 տարի է անցել այն օրից, երբ Երևանում բացվեց առաջին «Արտ Լանչ» ճաշարանը՝ սկիզբ դնելով ճաշարանների խոշորագույն ցանցին:
Դրանից առաջ «Արտ Լանչի» հիմնադիր Բակուր Մելքոնյանը տիկնոջ հետ զբաղվում էր առևտրով: «Արտ Լանչ» ստեղծելու գաղափարն էլ առաջացել է այն ժամանակ, երբ նրանք ապրանք ձեռք բերելու նպատակով գտնվում էին արտերկրում, և գործընկերներից մեկի գրասենյակում նրանց առաջարկում են միասին ճաշել: Քանի որ այդ գրասենյակը գտնվում էր քաղաքից դուրս, Բակուր Մելքոնյանը հարցնում է, թե որտեղ պետք է ճաշեն: Գործընկերն ասում է, որ խնդիր չկա, կարող է պատվիրել հեռախոսով: Եվ առաքիչը բերում է պատվերը շատ գեղեցիկ փաթեթավորված, մեկանգամյա օգտագործման սպասքով և այլն: Այդպես որոշում են իրենք էլ Հայաստանում նման ծառայություն հիմնել ու պատվիրատուներին ուտեստներ առաքել հենց իրենց բնակարանից:

Այդպես Հայաստանում սկսվեց «Արտ Լանչի» պատմությունը: Բակուր Մելքոնյանի կինը, մայրն ու կնոջ ընկերուհին միասին կերակուր էին պատրաստում, փաթեթավորում, իսկ ինքը զբաղվում էր առաքմամբ, պատվիրատուներ գտնելով: «Կինս տանը պատրաստում էր կերակուրը, ես էլ առաքում էի: Համոզված էի, որ հաջողվելու է մեր այդ ձեռնարկումը, որովհետև նկատել եմ՝ աշխարհում ինչ հետաքրքիր, օգտակար բան կա, վերջիվերջո գալիս է նաև մեր երկիր: Երբ 2002 թվականին սկսեցինք մեր բիզնեսը, իսկ այնուհետև՝ ճաշարանային բիզնեսը, շատ խորթ էր շատերի համար, որ մարդը պետք է գա ու իր ձեռքով իր ցանկացած ուտելիքը վերցնի, տանի սեղանի մոտ, նստի ուտի:

Իսկ հիմա հերթեր են լինում: Բացի այդ, ես միշտ էլ վստահ եմ եղել՝ ցանկացած բիզնես վաղ թե ուշ հաջողություն կբերի, եթե հետևողականորեն ուսումնասիրես այդ ոլորտը և խորանաս դրա մեջ»,- «Անկախին» պատմեց «Արտ Լանչի» հիմնադիր Բակուր Մելքոնյանը և ավելացրեց, որ այդ պահին պետք էր ինչ-որ բան անել, պետք էր պարզապես ընտանիք պահել, ու որոշեցին չվախենալ ու սկսել այս բիզնեսը: Իսկ հետագայում արդեն հմտացան ու մասնագիտացան այս ոլորտում ու որոշեցին ստեղծել ճաշարանների ցանց: Բակուր Մելքոնյանը համոզված է նաև, որ բիզնեսում ամենից կարևորը մասնագետ լինելն է. եթե գործիդ մեջ խորացած ես, ապա անընդհատ նոր հորիզոններ են բացվում, նոր գաղափարներ են ի հայտ գալիս: «Կարևոր չէ, թե ինչ բիզնես ես անում, կարևորը, որ սիրելով աշխատես,- ասում է նա:- Որովհետև ցանկացած բիզնես սկսելիս մեծ դժվարություններ են լինում, սպասված եկամուտներն էլ չես ունենում: Որովհետև դա սկիզբն է, դեռ փորձառություն չունես, դեռ պետք է այդ փորձառությունը ձեռք բերել: Պետք է գործիդ մեջ այնքան մասնագիտանաս, կրթվես, սովորես, բացահայտես բոլոր նրբությունները, որ կարողանաս ինչ-որ նոր բան առաջարկել հաճախորդին, ինչի շնորհիվ հաճախորդը կնախընտրի օգտվել հենց քո ապրանքներից ու ծառայություններից»:

Իսկ այդ նորույթը, որից հետո ընկերությունը կտրուկ աճ ունեցավ, այն էր, որ սկսեցին ամեն օր փոխել մենյուն, ինչը աշխարհում խիստ հազվադեպ հանդիպող երևույթ է:

Այսօր «Արտ Լանչի» ճաշացանկում տեսականիի թիվը հատել է 3000-ի սահմանը: Բայց կարևորը միայն առաջարկվող տեսականին չէ, այլև մթնոլորտն ու սնվելու մշակույթը: «Մեր գաղափարն այն է, և անունն էլ հուշում է, որ մարդու բնական պահանջը՝ սնվելը, վերածենք հաճույքի, արվեստի: Ես մի անգամ կարդում էի բժշկական մի հետազոտություն, ըստ որի, երբ մարդը ուտելիքն ուտում է լարված, ջղային մթնոլորտում, դա չի մարսվում, իսկ երբ նույն ուտելիքն ուտում է խաղաղ, լավ մթնոլորտում, բարձր տրամադրությամբ, ապա դա շատ լավ ազդեցություն է ունենում նրա վրա: Իհարկե, մենք այդ գաղափարին հանգեցինք տարիների ընթացքում ու որոշեցինք, որ մեր գործունեությամբ պետք է մարդու ֆիզիկական պահանջը բարձրացնենք արվեստի մակարդակի: 11-12 տարի աշխատելուց հետո նոր եկանք այդ գաղափարախոսությանը և եթե չանցնեինք այդ երկար ճանապարհը, եթե չունենայինք այն փորձություններն ու հնարավորությունները, որ եղան այդ տարիներին, չէինք հասնի այս կետին»,- նշում է մեր զրուցակիցը: Նրանք սկսեցին փոքր ծավալներով, բայց նորարարությամբ:

«Արտ Լանչից» սնունդ կարելի էր պատվիրել նաև էլեկտրոնային փոստի միջոցով: Իսկ այն տարիներին դա լուրջ խնդիրներ էր առաջացնում. պատվերները ուշացնում էին, քանի որ այդ ժամանակ ինտերնետ հասանելիությունը ապահովում էին dial-up-ով, որը ցածր թողունակություն ուներ, դանդաղ էր, հաճախ չէին կարողանում արագ էլեկտրոնային նամակները ստուգել, որպեսզի իմանային, թե ինչ պատվերներ են եկել: Այդ բիզնեսը սկսելու համար անհրաժեշտ գումարն էլ գոյացավ ամուսնական մատանու վաճառքից: «100 ԱՄՆ դոլարով վաճառեցի մատանին, այդ գումարով ընդամենը կարողացա գնել մի 2 կիլոգրամ հնդկաձավար, 3-4 կիլոգրամ բրինձ, մի քանի կիլոգրամ ուրիշ մթերքներ, մեկանգամյա օգտագործման ամաններ, մեկ էլ բուկլետներ տպեցինք. դա էր ամբողջ ներդրումը: Եվ ես օֆիսներով պտտվեցի, հանձնեցի նրանց այդ բուկլետներն ու տեղեկացրի, որ նման ծառայություն կա: Այդպես ենք սկսել»,- ժպտալով հիշում է Բակուր Մելքոնյանը: Սկզբում օրական 3-4 պատվեր էին ունենում. այդքան ընկերություներից էին «Արտ Լանչին» ուտելիք պատվիրում, ամեն մեկը 6-7 հոգանոց խմբերով:

Այսօր արդեն ճաշարանների ամենամեծ ցանցը Հայաստանում «Արտ Լանչն» է 30-ից ավելի ճաշարաններով, նույնսկ Հայաստանի սահմաններից դուրս է գործում՝ Ղազախստանում, Վրաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում և այլուր: Եվ ամեն օր

«Արտ Լանչից» օգտվում է ավելի քան 5000 հաճախորդ: Այս տարի արդեն միջազգային հարթակ դուրս գալու և միջազգային բրենդ դառնալու նպատակ են դրել:

«Հաջողություններից մեկն էլ այն է, որ բացի զուտ ճաշարանային ծառայություններից, հարակից ոլորտներում էլ ենք կարողանում գործունեություն ծավալել: Օրինակ՝ Դիլիջանում որոշեցինք մեր աշխատակիցների համար մի փոքրիկ հանգստի վայր ստեղծել, դա հետագայում վերածվեց հյուրատան, տեսանք, որ դա հաջողություններ ունեցավ, ու հիմա արդեն 5 հյուրատուն ունենք: Հիմա արդեն զբաղվելու ենք նաև անասնաբուծությամբ, որպեսզի մեր ցանցում ամբողջությամբ տեղական մթերքներն օգտագործենք»,- ասում է «Արտ Լանչի» հիմնադիրը: Ներկայումս ցանցում, որն իր գործունեությունը սկսել է ընդամենը 4 հոգով, աշխատում է ավելի քան 500 հոգի:

Արտ Լանչ «Արտ Լանչի» հիմնադիրը համոզված է, որ բիզնեսում հաջողակ լինելու պարտադիր գրավականներից են անընդհատ ինքնակրթվելու և չհիասթափվելու հատկությունները: Համենայն դեպս բոլոր հաջողակ մարդկանց մոտ նա համառությունը, չհիասթափվելու և ինքնակրթվելու հատկություններն է նկատել: «Եթե գործը սկսում ես միայն փող աշխատելու համար՝ ավելի հավանական է, որ չստացվի կամ կստացվի, բայց միայն փող կաշխատես,- ասում է նա:- Իսկ որպեսզի ունենաս մեծ հաջողություն, ընդլայնվես, միջազգային բրենդ դառնաս, պիտի սիրես գործդ, որով զբաղվում ես, գաղափարախոսություն մտցնես դրա մեջ»: Բակուր Մելքոնյանը կարևորում է նաև ձգտումը, սեփականը ստեղծելու մեծ ցանկությունը, կազմակերպչական ջիղը:

«Մեր «հաջողության գաղտնիքը պատասխանատվության զգացումն է:
Ես այս վերջին մեկ շաբաթվա մեջ, օրինակ, 3-4 գործնական առաջարկ եմ մերժել: Այսինքն՝ ինչ-որ գործեր են առաջարկել, որոնցից կարելի էր փող աշխատել, զուտ ժամանակի ու մարդկային ռեսուրսների սղության պատճառով հասկացել եմ, որ չեմ կարող իրականացնել: Պատասխանատվության զգացումը թույլ չի տվել խաբել և հանձն առնել մի բան, որը չեմ կարողանալու անել: Մեր հաջողության գաղտնիքներից մեկը հենց այդ պատասխանատվությունն է, առանց որի հնարավոր չի լինի դժվարությունները հաղթահարել»,- նշում է հաջողակ բիզնեսմենը՝ հավելելով, որ դժվարությունները հաղթահարելուն իրենց օգնել է հենց անսասան հավատն ու լավատեսությունը, վստահությունը սեփական գործին, սեփական ուժերին: Խիստ կարևոր է պոզիտիվ տրամադրվածությունը, քանի որ վատն ու բացասականը, նեգատիվ տրամադրվածությունը միմիայն խանգարում են հաջողության տանող ճանապարհին:

«Երբ մարդկանց ասում ես՝ զարմանում են, բայց դրական տրամադրվածությունը էական դեր ու նշանակություն ունի, շատ է օգնում»,- եզրափակում է Բակուր Մելքոնյանը: