Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանի գրառումը Facebook-ի իր էջում. Կինն Աստծու էակ է, որն աշխարհի կյանքին մասնակցում Է այն եզակի հատկանիշներով, որոնք Աստված պարգևել է նրան: Կնոջ դերը, ինչպես որ ես եմ հասկանում, իր վեհագույն ձևով դրսևորված է Աստվածամոր կերպարում: Զգայունությունը կանանց ներհատուկ որակներից մեկն է, իսկ մայրությունը դրանց մեջ գրավում է կենտրոնական տեղ:
Կանայք, օրինակ, հակված են սերն իրենց երեխաների հանդեպ արտահայտելու այնպիսի գորովանքով, որ անհնարին է նկարագրել բառերով: Կինն իր հատկանիշներով, որոնք չի կարելի անուշադրության մատնել, մարդկային կյանքում զբաղեցնում է առաջնակարգ տեղ: Որպես մայր, նա հիմնական դեր է կատարում իր երեխայի անհատականության ձևավորման գործում:
Մեր այսօրվա կյանքում, երբ երիտասարդ սերունդների վրա հասարակության ազդեցությունն ու ճնշումն ավելի ուժեղ են, քան առաջ էր, մոր դերը դաոնում է անհամեմատ կարևոր: Եթե Աստվածամայրն իր երկրային կյանքի ժամանակ այդքան սիրված էր և մեծ ակնածանք էր վայելում առաքյալների, ապա նաև՝ առաջին քրիստոնյաների կողմից, պատճառն այն է, որ նրա անձի մեջ խտացած էր մայրության բարձրագույն արտահայտությունը (Գարեգին Ա Կաթողիկոս Ամենայն Հայոց):