Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտարարում են «Իմ Երևանը» խորագրով 7-15 րոպե տևողությամբ խաղարկային կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մրցույթին կարող են մասնակցել հանրապետության ԲՈՒՀ-երի և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողները: Ֆիլմերը կարող են նկարահանվել ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ՝ սիրողական նկարահանող սարքերով:
Սահմանվում է՝ առաջին մրցանակ՝ 1 000 000 դրամ, երկրորդ մրցանակ՝ 500 000 դրամ, երրորդ մրցանակ՝ 300 000 դրամ:
Ներկայացված լավագույն ֆիլմերից ստեղծվելու է «Իմ Երևանը» ֆիլմաշար և ներկայացվելու է հանրությանը: Ֆիլմերն ընդունվելու են մինչև հուլիսի 15-ը: Ներկայացված աշխատանքները ժյուրին կամփոփի մինչև սեպտեմբերի 1-ը: Մրցույթի գլխավոր մրցանակակրին կտրվի Հայաստանի ազգային կինոկենտրոնի միջոցներով 2019թ. դեբյուտային խաղարկային կարճամետրաժ ֆիլմ նկարահանելու հնարավորություն: Աշխատանքները պետք է ներկայացնել Հայաստանի ազգային կինոկենտրոն՝ ք. Երևան, Աշտարակի խճուղի 30, խմբագրական բաժին՝ ցանկացած թվային կրիչով: