Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը հայտարարել է, որ հեռացել է Facebook-ից օգտատերերի տվյալների նկատմամբ ընկերության անփույթ վերաբերմունքի պատճառով: Այդ մասին հայտնել է USA Today հրատարակությունը:
«Օգտատերերը Facebook-ին հայտնում են իրենց անձնական կյանքի բոլոր մանրամասները, և ընկերության ողջ շահույթը հիմնված Է այդ տեղեկատվության վրա:Մինչդեռ օգտատերերն իրենք այդ շահույթից ոչինչ չեն ստանում»,-հայտարարել է Վոզնյակը:
Նա հավելել է, որ, իր կարծիքով, ավելի լավ է վճարել սոցցանցից օգտվելու դիմաց, քան անձնական տեղեկատվությունը բացահայտել գովազդատուներին: «Apple-ը փող է վաստակում որակյալ արտադրանքից, իսկ Facebook-ում օգտատերերն իրենք են ընկերության արտադրանքը»,-հայտարարել է Վոզնյակը: Facebook-ը մարտ ամսին հայտնվել է սկանդալի կենտրոնում:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ The New York Times թերթը հաղորդել է, որ Մեծ Բրիտանիայի Cambridge Analytica ֆիրմային հաջողվել է հավաքել Facebook սոցիալական ցանցի ավելի քան 50 միլիոն օգտատերերի անձնական տվյալները, որպեսզի ընտրողների քաղաքական գերադասությունների վերլուծության ալգորիթմ մշակի: Ինչպես հրատարակությանը պատմել են ընկերության նախկին աշխատակիցները, ստեղծված ալգորիթմը հեշտացրել է քաղաքական գովազդի առաքումն օգտատերերին՝ նրանց ձայների վրա ազդելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: