Մենինգիտ
Advertisement 1000 x 90

Մենինգիտ

 

Մենինգիտը գլխուղեղի և ողնուղեղի թաղանթների բորբոքումն է: Այս հիվանդության ժամանակ գլխուղեղի բջիջները չեն ախտահարվում: Այս դեպքում բորբոքային պրոցեսները զարգանում են արտաքինից:

Մենինգիտի հարուցիչներ են հանդիսանում վիրուսները, բակտերիաներն ու սնկերը: Այս հիվանդությամբ հնարավոր է հիվանդանալ ցանկացած տարիքում: Հիվանդանալու հավանականությունը կախված է ոչ թե մարդու տարիքից, այլ նրա առողջական վիճակից: Օրինակ` այս վտանգն ամենաառաջինը սպառնում է թերհաս երեխաներին: Հիվանդանալու ռիսկային խմբի մեջ են մտնում նաև մարդիկ, ովքեր կենտրոնական նյարդային համակարգի հետ կապված տարբեր արատներ կամ մեջքի ու գլխի վնասվածքներ ունեն: Իսկ ընդհանրապես կան շատ գործոններ, որոնք կարող են նպաստել հիվանդության զարգացմանը:

Բուժվելուց հետո մարդը մնում է այնպիսին, ինչպիսին եղել է մինչև հիվանդանալը` ոչ մի օրգան կամ օրգան-համակարգ չեն տուժում: Իհարկե, ինչպես ամեն ինչում, այստեղ ևս բացառություններ լինում են, այն էլ` բավականին լուրջ: Հնարավոր է հետևանքային խլություն, կուրություն, իսկ բժշկի չդիմելու դեպքում էլ հնարավոր են մահվան դեպքեր:

Մենինգակոկային մենինգիտ. Այն սկսվում է միանգամից սուր ձևով` բարձր ջերմությամբ ու ցնցումներով: Առաջին կամ երկրորդ օրը հիվանդների մեծ մասի մոտ առաջանում է հեմորագիկ ցան: Ողնուղեղային հեղուկը պղտորություն ունի` կաթնագույն է կամ դեղնավուն: Սպիտակուցների քանակն արյան մեջ շատ բարձր է, իսկ գլյուկոզան` ցածր: Արյան մեջ կտրուկ աճում են սուր բորբոքային երևույթները: Այս դեպքում հիվանդությունը մահացու կարող է համարվել 2-3 տոկոսով:

Պնևմոկոկային մենինգիտ. Որպես կանոն՝ սրան նախորդում են օտիտը, սինուսիտը կամ պնևմանիան: Հիվանդության սկիզբը սուր ընթացք է ունենում, բայց մենինգիտային ախտանիշն ավելի ուշ է արտահայտվում, քան մենինգիտակոկային մենինգիտի ժամանակ: Նույնիսկ հիվանդին արագ հոսպիտալացնելու դեպքում էլ հիվանդությունն արագ է զարգանում: Տեղի է ունենում գիտակցության կորուստ, ցնցումներ: Ողնուղեղային հեղուկն ամբողջությամբ թարախային է: Այս դեպքում մահացությունն ավելի մեծ տոկոս է կազմում:
Հեմոֆիլային ցուպիկով առաջացող մենինգիտ. Այս ձևը հաճախ հանդիպում է մինչև 1 տարեկան երեխաների մոտ: Կարող է ունենալ ինչպես սուր ընթացք, այնպես էլ աստիճանաբար` տենդով ու ցնցումներով: Մենինգիտային ախտանիշներ սկսում են առաջանալ հիվանդության երկրորդից հինգերորդ օրերում:

Մենինգիտի ախտորոշման համար մեծ դժվարություն է ներկայացնում այն փաստը, որ օգտագործում են այս հիվանդության համար ոչ անհրաժեշտ քանակությամբ հակաբիոտիկներ: Մարմնի ջերմաստիճանն այս դեպքում կարող է տատանվել 37,5-38,5 աստիճաններում, ճնշվում են մենինգիտային ախտանիշները, շատանում է սրտխառնոցը, բայց ոչ` փսխումը: Մի քանի օր հետո` կախված պրոցեսի զարգացումից, հիվանդի վիճակը կտրուկ վատանում է: Առաջ են գալիս ընդհանուր ուղեղային բորբոքման օջախներ: Այս դեպքում և մահացության տոկոսն է արագ աճում, և բուժումից հետո հետևանքային երևույթներ են մնում:

Վիրուսային մենինգիտները կարող են սկսվել այնպիսի ախտանիշներով, որոնք հատուկ են տվյալ վարակին, իսկ մենինգիտն այս դեպքում ուշ է զարգանում: Նման դեպքերում նկատվում է հիվանդության երկալիքանի ընթացք: Ի տարբերություն թարախային բակտերիալ մենինգիտի, այս դեպքում տենդն ու ցնցումները չափավոր են: Ողնուղեղային հեղուկն ավելի պարզ գույն ունի:

Տուբերկուլյոզային մենինգիտը, որն այն ժամանակ մահացու ընթացք էր ունենում, այսօր ամենահանդիպող տեսակն է, որն, ի դեպ, սկսվում է տուբերկուլյոզային ախտանիշներով: Սովորաբար հիվանդությունը սկսվում է տենդով: Մի քանի օր հետո զգացվում է գլխացավ ու փսխում: Հիվանդությունը պետք է ստանա խիստ նպատակային բուժում, այլապես այն կարող է շատ վտանգավոր հետևանքների հանգեցնել:

Անկախ տարիքից, մենինգիտով հիվանդին պետք է բուժել հիվանդանոցում: Բուժում են հակաբիոտիկներով ու հակավիրուսային պրեպարատներով: Ծանր դեպքերի ժամանակ հնարավոր են վերակենդանացման պրոցեդուրաներ: Ժամանակին բժշկի դիմելու դեպքում հիվանդությունը բուժվում է անհետևանք: Մինինգիտը պետք չէ փորձել բուժել տնային պայմաններում:

Սուսաննա Ազատյան

Դեկտեմբեր 12, 2008