Թե ներքուստ ի՞նչ է զգում Զարուհի Փոստանջյանը Հայաստանում Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանության գալուց հետո, դժվար է ասել: Նրա տարիների երազանքն է եղել, որ հենց իր, այլ ոչ թե մեկ ուրիշի հեղափոխությունը տեղի ունենա և ինքը գա իշխանության գլուխ: Զարուհի Փոստանջյանի բեմադրած բոլոր հնչեղ շոուները ուղղված են եղել այդ նպատակի իրագործմանը: Սակայն եղավ այն, ինչ եղավ: Ավելին, հավերժ հեղափոխական տիկնոջն անգամ թավշյա հեղափոխություն իրականացնողները չթողեցին իրենց կողքին կանգնել և ելույթ ունենալ իրենց հանրահավաքի ժամանակ: Հիմա «Երկիր Ծիրանի» անվամբ խմբակի, որ նրա անդամներն անվանում են կուսակցություն, ղեկավարը հիմա փորձում է իր տեղը գտնել հայաստանյան քաղաքական դաշտում, ինչն, իհարկե, հեշտ խնդիր չէ:
Քննադատել նախկին կառավարությանն անիմաստ է և ժամանակավրեպ, ՀՀԿ-ն ինքն է անցնում ընդդիմադիր դաշտ, իսկ քննադատել ներկա վարչապետին՝ վտանգավոր: Զարուհի Փոստանջյանը գոնե մոտ ժամանակներս չի գնա դրան, քանզի Նիկոլի համակիրներն այս անգամ արդեն չեն բավարարվի նրան միայն ելույթից զրկելով՝ Զարուհի Փոստանջյանի կյանքին և առողջությանն այս դեպքում լուրջ վտանգներ կարող են սպառնալ: Նվազագույնը, որ կարող է լինել՝ «Երկիր Ծիրանի»-ն առաջնորդող տիկինն իր դեմ կհանի նախկինում ընդդիմադիր, ներկայումս իշխանությանը կուրորեն հավատացողների բանակին: Այդ դեպքում որտեղի՞ց նա համախոհներ և սեփական «վկաներին» գտի: Ի՞նչ է մնում անել:
Դե, իհարկե, օգտվել Երևանի ավագանու անդամ լինելու հնարավորություններից՝ կուլ տալով հանրահավաքին ելույթից զրկելու, ավագանու նիստին իրենց հասցեգրած «Ելք» խմբակցության անդամների վիրավորանքները, մի կողմ դնելով արժանապատվությունը՝ միանալ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջին: Ի դեպ, ներկա պահին ավագանու ամբիոնը միակ հարթակն է, որտեղից Զարուհի Փոստանջյանը կարող է ելույթ ունենալ և ըստ էության անարգել ասել այն, ինչ խելքին փչում է: «Այլ հարթակներում ձեզ մերժում են, կարող եք այս հարթակից ելույթ ունենալ»,- ավագանու նիստում Տարոն Մարգարյանն ասել էր Զարուհի Փոստանջյանին: Սակայն Զարուհի Փոստանջյանը դեռ իներցիայի մեջ է՝ շարունակում է իր գործունեությունը նույն կերպ՝ մերժված՝ մի կողմից, ընդդիմադիր՝ մյուս կողմից: Իսկապես որ, անորոշ և աննախանձելի վիճակ է:
Լաուրա Մխիթարյան