«Ուզեն, չուզեն ազատ են արձակելու». Սէֆիլյան
Advertisement 1000 x 90

«Ուզեն, չուզեն ազատ են արձակելու». Սէֆիլյան

Հունիսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանում  կհրապարակվի «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանի և մյուսների գործով դատական ակտը:

«Սասնա Ծռեր» խմբի աջակիցները սպասում են, որ այդ օրը Սէֆիլյանն ու խմբի մյուս անդամներն ազատ կարձակվեն: Հիշեցնենք, որ բոլոր 5 անդամների համար ՀՀ ԱԺ ԵԼՔ և Ծառուկյան խմբակցությունների մի քանի պատգամավորներ անձնական երաշխավորություն են ներկայացրել:

Ազգային ժողովի Ծառուկյան խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Վարդան Բոստանջյանը, Վարդևան Գրիգորյանը, Իվետա Տոնոյանը, Շաքե Իսայանը, Արթուր Մանուկյանը, Լուիզա Սարգսյանը, Նորա Առուստամյանը, Սերգեյ Բագրատյանը, Գևորգ Պետրոսյանն անձնական երաշխավորություն են ներկայացրել՝ Ժիրայր Սէֆիլյանի կալանքը, որպես խափանման միջոց փոխելու համար: Ժ. Սէֆիլյանի համար երաշխավորություն է ներկայացրել նաև ԵԼՔ խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

Այսօրվա դատական նիստում Ժ. Սէֆիլյանի պաշտպան Տիգրան Եգորյանը դատարանին ներկայացրեց նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը, բայցև դատարանից խնդրեց այս միջնորդությանն անդրադառնալ մյուսների վերաբերյալ միջնորդությունը քննարկելուց հետո: Պաշտպանի ներկայացրած միջնորդության դեմ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը չառարկեց՝ նշելով, որ հանրային անձանց երաշխավորությունը հիմք է ազատության մեջ գտնվող Սէֆիլյանի պատշաճ վարքագիծը, և գտնում է, որ միջնորդությունը ենթակա է բավարարման։

Այսօր արդեն Ծառուկյան խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Միքայել Մանուկյանը անձնական երաշխավորություն են ներկայացրել նաև Սասունիկ Կիրակոսյանի, Գալուստ Գրիգորյանի և Հրայր Թոփչյանի համար: Մեղադրող դատախազները չառարկեցին անձնական երաշխավորությամբ փոխել նրանց խափանման միջոցը՝ պատճառաբանությամբ, որ իրավիճակ է փոխվել: Դատարանը, սակայն, որոշեց հետաձգել միջնորդության լուծումը՝ դրան դատական ակտում անդրադառնալու պատճառաբանությամբ:

Նիստի ավարտին մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը հանդես եկավ ճառով.  եթե առաջին ատյանի դատարանում մեղադրող կողմը Ժիրայր Սէֆիլյանի համար 11 տարի ազատազրկում էր պահանջել, ապա այսօր Պետրոսյանն իր ճառում միջնորդեց դատարանին մեղմացնել Սէֆիլյանի պատիժը՝ 10,6 տարվա փոխարեն և նրան դատապարտել 7 տարվա ազատազրկման։

Իսկ քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի պատիժը, դատախազը միջնորդեց պայմանականորեն չկիրառել. «Հանցավորի արարքը նվազ վտանգ է ներկայացնում, ինչը նշանակում է, որ Սաֆարյանը կարող է դատապարտված լինել, բայց գտնվել ազատության մեջ»,- հայտարարեց մեղադրող դատախազ Պետրոսյանը:

Դատական ակտը կհրապարակվի հունիսի 13-ին՝ ժամը 14:00-ին:

Նիստից հետո Ժիրայր Սէֆիլյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք արդարացման դատական ակտ կկայացվի, թե՞ ոչ: Ժ. Սէֆիլյանը ի պատասխան հորդորեց երկու օր սպասել, ապա ավելացրեց. «Ուզեն, չուզեն ազատ են արձակելու»:

Աստղիկ Գրիգորյան