Ռոբոտների հայաստանյան 11-րդ առաջնությունը, որի շրջանակում կմրցեն արգելքներ հաղթահարող և լաբիրինթոսից ելք գտնող ռոբոտներ, ընդունում է մասնակցության հայտեր: Հունիսի 12-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ «ԱրմՌոբոտիքս» մրցույթի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նկատեց, որ այս մրցույթը հիմքը հանդիսացավ դպրոցներում ռոբոտաշինական խմբակների ստեղծմանն ու կայացմանը։ «Երբ այս մրցույթը սկսվեց, այն ժամանակ Արմաթի խմբակները չկային, դրանք ստեղծվեցին 2015-ին, ռոբոտաշինական խմբակները՝ 2013-ին, բայց այս առաջնություններն իրենց դերը խաղացին ու հուշեցին, թե ինչ պետք է անել: Ծնողները, տատիկ-պապիկները երեխաներին բերում էին մրցույթին ու ասում, որ ուզում են իրենց երեխաները դրանով զբաղվել, որն էլ հիմք հանդիսացավ «Արմաթ» լաբորատորիաների ստեղծման համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Կարեն Վարդանյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է դարձնել ռոբոտների առաջնությունների կենտրոն, քանի որ Հայաստանի շատ երեխաներ են տիրապետում ռոբոտաշինության հմտություններին:
Մրցույթի գլխավոր հովանավոր Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը նկատեց, որ իրենց ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության մեջ առանցքային նշանակություն ունեն այն բոլոր նախագծերը, որոնք կապված են ինժեներական մտածողության, ծրագրավորման և ռոբոտաշինության հմտությունների զարգացման հետ։ «Երեխաների համար, որոնք մասնակցում են այս մրցույթին, մոտիվացիոն հարթակ է, որտեղ նրանք կարողանում են իրենց դրսևորել: Մեր խորին համոզմամբ հենց այսպիսի պատանիները կկարողանան լրացնել աշխարհի մակարդակով ՏՀՏ ոլորտում 3 միլիոն մասնագետների պահանջարկը»,-ասաց ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Նրա դիտարկմամբ՝ Հայաստանում առկա մաթեմատիկական ներուժը կարելի է հեշտությամբ արթնացնել երեխաների մեջ, ինչն ապագային ուղղված քայլ է:
Մրցույթի հովանավոր՝ Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Ժիրայր Էդիլյանն էլ շեշտեց, որ իրենց կազմակերպությունը, լինելով երեխայակենտրոն, կարևորում է երեխաներին ու երիտասարդներին այնպիսի գիտելիքներով ու կարողություններով զինելը, ինչը կապահովի նրանց հետագա կյանքի բարեկեցությունը: «Ռոբոտաշինությունն ու ավտոմատացման համակարգերի մշակումը կարող է դառնալ մեր երկրում ՏՏ ոլորտի զարգացման հիմնաքարերից մեկը: Այս պատանիները վաղը փոխելու են մեր կյանքը: Վորլդ Վիժն Հայաստանը տարիներ շարունակ աջակցում է Հայաստանի մարզերում ռոբոտաշինության խմբակների աշխատանքին: Մենք համոզված ենք, որ գործող խմբակները բացառիկ հնարավորություն են տալու պատանիներին ապագայում ունենալ պահանջված աշխատանք ու արժանավայել կյանք»,- հավելեց Ժիրայր Էդիլյանը:
Նա հիշեցրեց, որն ռոբոտաշինությունն ու ծրագրավորումը առանցքային դաշտ են, որտեղ երեխաները զարգացման մեծ հեռանկարներ ունեն: «Մենք հնարավորություն ենք ունեցել մինչ այժմ Հայաստանի 37 համայնքներում մասնակցել «Արմաթ» լաբորատորիաների ստեղծմանը: 2017 թվականին 800-ից ավելի երեխա հեռավոր համայնքներում ներգրավված է եղել ռոբոտաշինության խմբակներում: Սա ոչ միայն տեխնիկական գիտելիքների ձեռքբերման հնարավորություն է, այլև այլ որակներ են զարգացնում՝ սկսած թիմային աշխատանքից՝ վերջացրած առաջնորդման որոշակի կարողություններով»,-նշեց Վորլդ Վիժն Հայաստանի տնօրենը:
Արգելքներ հաղթահարող և լաբիրինթոսից ելք գտնող ռոբոտների մրցույթի նպատակն է ներգրավել պատանիներին ռոբոտաշինության, ավտոմատացման ու տարբեր IoT (Internet of things) սարքերի ստեղծման գործընթացներում, խրախուսել վերջիններիս, ինչպես նաև ներկայացնել հանրությանը ոլորտի զարգացման անհրաժեշտությունն ու համաշխարհային տեխնո տենդենցներին մոտենալու ճանապարհները:
Մրցույթին կարող են մասնակցել 10-18 տարեկան պատանիները՝ ներկայացնելով իրենց ռոբոտների նկարագիրն ու գաղափարները: Մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 11-ն է: Եզրափակիչ փուլը կանցկացվի սեպտեմբեր ամսին: Մրցույթի տեխնիկական առաջադրանքներն ու կանոնակարգը ներկայացված են այստեղ, իսկ գրանցման հայտը հասանելի է այստեղ:
Մասնակիցները իրենց ստեղծած ռոբոտները կներկայացնեն ժյուրիի մասնագիտացված անդամներին, լավագույնները կարժանանան դրամական պարգևի Ucom-ի և Վորլդ Վիժն Հայաստանի կողմից:
«ԱրմՌոբոտիքս» ռոբոտաշինության զարգացման և աջակցման ծրագիրը Հայաստանում իրականացվում է 2008թ-ից՝ ԻՏՁՄ-ի կողմից: