Լիլիթ Գալստյանի հրապարակումը.
Կարկամել եմ։ Այսքանի պատրաստ չէի։ Խաբված, կողոպտված, ավելին՝ դավաճանված լինելու զգացում ունեմ։ Դատարկություն․․․ Գուցե հեռուն թանձրացնում է գույները, բայց՝ ոչ․․․բայց՝ ինչպես․․․ Ինչպե՞ս կարող է դավաճանված չզգալ «գեներալի» նկուղում լափվելու սպասող արկղի վրա իր դպրոցի համարը կամ գյուղի անունը տեսած հայ մարդը։ Ո՞նց կարող է դավաճանված չզգալ իր նամակը ճանաչած հայ երեխան կամ Կալիֆորնիայից հայրենիք օգնություն հասցրած սփյուռքահայը։
Չէ, ունակ չեք ընկալելու չկարդացված նամակների տխրությունը․․․
Բա ո՞նց, ի՞նչ խղճով եք նայել-նայելու այն մայրերի աչքերին, որ գլուխներն հանգիստ բարձին չեն դնում սոված, սառած զինվոր որդու մասին կեղեքող մտքերից։ Ու զինվորը, զինվորը, որ չի վերադարձել կամ վերադարձել է խեղված, ամբողջ կյանքի համար, անխմբագրելի վերքով՝ հոգու ու մարմնի վերքով։ Բայց ո՞նց ձեր խիղճը չի ճաքել մեր սահմանի անվտանգությունն ապահովող դատարկ պահածոների պատկերից։ Ո՞նց եք հողի ու ազատամարտի անունից խոսել, եռաբլուրում ծաղիկ դրել՝ իմանալով ձեր նկուղներում ժանգոտվող զենք-զինամթերքի մասին։
Բայց ո՞նց եք ապրում/ապրելու այս բեռով․․․ դուք մենք չեք։ Ի՜նչ մեղք ունեն այն հազարավոր հայ ազատամարտիկները, որոնք լուռ, առանց կուրծք ծեծելու, անպաթոս ու անսակարգ երկիր ու հող են պահել։ Դուք նաև նրանց հերոսությունն եք գողացել, նրանց մահը ձեզ համար վահան դարձնելով։
Բայց, մեղավոր ենք բոլորս։ Հանդուրժել ենք, երկար ենք հանդուրժել։ Մեր աչքի առաջ, մեր մեջ պահել ենք այս տեսակը՝ տգետ, դավադիր, անբարո, ագահ ու նենգ տեսակը․․․հերոսացրել․․․ Մեր բոլորի ամոթն է, մեր պետության խայտառակությունը, շատերի՝ մեղքը․․․
Ու մի նվաստացնող, անպատվաբեր հարց է խեղտում՝ սահմանից ներս, թե՞ սահմանից անդին թշմանին է վտանգավոր։
Մի բան է տխուր մխիթարությամբ մխիթարում՝ Նոր Հայաստանում այս տեսակի համար կենսական տարածք չի լինելու։ Երանի չսխալվեմ։ Եկեք չսխալվենք․․․Այսպիսի հնարավորություն էլ չենք ունենա։
17.06. Քուվեյթ