Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հրապարակումը.
Կադրային խնդիրը լրջորեն սպառնում է բարեփոխումներին: Խոսքը բոլորովին նրա մասին չէ, որ կառավարության անդամների մեծ մասը փորձ, կառավարման հմտություններ չունի ու հնարավոր է, որ իրենց մոտ չի ստացվի: Ոչինչ, կարևորը նոր, հեղափոխության գաղափարին նվիրված մարդիկ լինեն, մնացածը կսովորեն` ում մոտ չի ստացվի, կփոխվեն: Նույնիսկ նրա մասին չէ, որ կան քաղաքական կոմպրոմիսի սկզբունքով նշանակված նախարարներ, ովքեր իրենց առջև նորովի աշխատելու խնդիր չեն դնում: Սա էլ ոչինչ, մի կերպ կնդիմամանք, որ այդ ոլորտներում բարեփոխումները կուշանան` հուսանք, ԱԺ ընտրություններից հետո այդպիսի կոմպրոմիսների կարիքը չի լինելու, և կառավարության բոլոր ստորաբաժանումները կաշխատեն նույն ոգով ու ոճով:
Հիմնական խնդիրը այլ տեղ է:
1. Նախարարությունների, կառավարական գերատեսչությունների միջին օղակները, որոնցից, ի վերջո, կախված է կառույցի կայուն ու արդյունավետ գործունեությունը, շատ դեպքերում չունեն նույն ստիմուլները, ինչ իրենց ղեկավարները, ու համատեղ աշխատելը լավ չի ստացվում: Իսկ «հին կադրերից» ազատվելը օրենքի շրջանակներում այդքան էլ հեշտ չէ, թեև դա էլ լավագույն լուծումը չէր լինի` դրա մասին ավելի ուշ:
2. Նվիրված զինակիցների պակասը փոխհատուցելու նպատակով կառույցների ղեկավարները մեծացնում են խորհդականների բանակը, հենվելով հենց նրանց վրա: Արդյունքում է որոշ դեպքերում ստեղծվում է մի իրավիջակ, երբ նախարարության/գերատեսչության աշխատակազմը բաժանված է լինում վստահելիների ու անվստահելիների ճամբարների: Դա նույնպես չի նպաստում առողջ աշխատանքային մթնոլորտին:
3. Հեղափոխությանը նվիրված ղեկավարները հիմնականում կենտրոնացած են համապատասխան ոլորտներում «հին կեղտերը» մաքրելով, ինչը հսկայական ժամանակ ու եռանդ է խլում: Զարգացման ծրագրերին, հեռանկարային բարեփոխումների համար չի հերիքում, մանավանդ որ կա վերևում նշված միջին օղակի խնդիրը:
4. Զբաղվածությունը ու ձգտումը ապացուցել, որ ամեն մեկը իր ոլորտում ավելի մեծ հաջողություններ է գրանցում, քան մյուս ղեկավարները, կարող է, բացի մրցակցության օգտակարությունից, խանգարել կառավարության որպես մեկ թիմի աշխատելուն ու սուղ կադրային ռեսուրսի արդյունավետ օգտագործմանը: Կառավարության տարբեր սեգմնենտների համակարգումը սկզբունքորեն պետք է ապահովեն փոխվարչապետները, բայց նրանցից գոնե երկուսի վրա այնքան պատասխանատու ու ծավալուն հատուկ առաքելություններ է դրված, որ, կարծում եմ, նախարարությունների գործունեության համակարգմանը գործը շատ դեպքերում չի հասնում:
Այս ամբողջը ավելի սուր խնդիր է դառնում, նկատի ունենալով կառավարության և խորդհդարանի միջև համագործակցության համարյա բացակայությունը: Դա պայմանավորված է և անձնական հարաբերություններով (հիշեք ապրիլի 30-ը, մայիսի 1-ը, 8-ը) և, որքան էլ պատգամավորների մեձ մասը հավատարմություն ու զորակցություն են հայտնում Նոր Հայաստանին, պետության ապագան լրիվ տարբեր կերպ են տեսնում, քան կառավարության կորիզը: Համատեղ աշխատանքի վերաբերյալ ակնկալիքները պատրանք դուրս եկան:
Ի՞նչ կարելի է անել:
Ա) Արտահերթ ընտրությունները, բացի անցանկալի կոմպրոմիսներից ազատվելու, հնարավորություն կտան ավելի մտածված կերպով կառավարություն ձևավորել: Մի բան է առանց երկիր կառավարելու փորձի, առանց կադրային բանկի մեկ շաբաթում լրիվ նոր կաբինետ ձևավորել և լրիվ այլ բան դա անել, ունենալով մի քանի ամսվա վարչապետության իրազեկվածությունը, բազմաթիվ զինակիցներին ու գործընկերներին պրակտիկ աշխատանքով փորձարկելու հնարավորությունը: Դա ամենակարևորն է` ուղղակի մինչ դա անցումային փուլը արանց կորուստների հաղթահարել է պետք:
Բ) Պետական մարմիններում աշխատողների պրեստիժն ու աշխատավարձերի բարձրացումը` պարտադիր պայման է: Հայաստանը մի շարք պատճառներով չի կարող իրեն թույլ տալ, 2003-2004 թվականներիՎրաստանի նման, արտասահմանյան դոնորներից պաշտոնյաների աշխատավարձների համար գումարներ վերցնել: Մնում է պետական կառույցներին հասանելիք ձաղսերի օպտիմալացման ճանապարհով գնալ ու ազնվորեն, հետևողականորեն բացատրել քաղաքացիներին, ինչու այդ տնտեսված գումարները սոցիալական ավելի լայն ծրագրերին չեն ուղղվում: Դա կօգնի և նոր արժեքավոր մասնագետներին ներգրավելուն կառավարություն, ովքեր հիմա դրանից խուսափում են հենց ցածր աշխատավարձի և պրեստիժի պատճառով, և «հին կադրերին» կխրախոսի ձգտել ավելի օգտակար լինել: Սակայն դրա համար էլ է ժամանակ պետք:
Գ) Վերջապես ավելի լայն պետք է օգտագործել փորձագիտական հանրության և քաղաքացիական հասարակության կարողությունները, որոնց ներդրումը մեծամասամբ pro bono կլիներ: Այդ ռեսուրսի արդյունավետ օգտագործման համար կառավարության ներկայացուցիչներից առանձնահատուկ ունակություններ կպահանջվեն` կազմակերպելու, լսելու, վստահելու… Առայժմ այդպիսի ունակություններ եզակի պարագաներում են դրսևորվում: Իսկ հենց անցումային փուլում այս ճանապարհը ամենաակնհայտն ու ամենահեշտ հասանելին է…