Բլոգեր Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում հարցեր է հղել ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին.
«Հարց 1. Ուսուցիչների ու դասախոսների հաստիքների ծանրաբեռնվածությունը վերանայվելո՞ւ է:
Մեկ դրույքի համար այնքան ժամաքանակ է սահմանված, որ 1) ժամեր չեմ մնում մյուսների համար, ուստի գործազուրկ մանկավարժների թիվն է աճում, 2) օրական այդքան ժամ պարապողը չի կարող էֆեկտիվ ու մոտիվացված մտնել լսարան/դասարան:
Քիչ թվով դասավանդող՝ մեծ ծանրաբեռնվածությամբ մոտեցման պատճառով կրճատվեցին բազմաթիվ մասնագետներ: Նրանց ճակատագիրը, կարծես, շարունակում է տխուր մնալ: Բացի այդ, 0,25 ու 0,50 դրույքով դասավանդողների առաջ բուհերի դռները փակելը բերեց նրան, որ իրենց գործնական փորձը և այդ ընթացքում ձեռք բերված գիտելիքները ուսանողներին փոխանցել ցանկացող՝ այդ ոլորտում աշխատող մասնագետները այլևս չունեն այդ հնարավորությունը:
Հարց 2. 70-ից բարձր տարիք ունեցող թոշակառուն արդյո՞ք կարող է մեկ դրույքով արդյունավետ աշխատել: Եթե նույնիսկ երիտասարդները այդ ծանրաբեռնվածությանը չեն դիմանում:
Ի՞նչ մոտեցում ունի նախարարությունը թոշակառու/ երիտասարդ մասնագետ հարցում:
Վերջին տարներին նախապատվությունը տրվել է երիտասարդներին կրճատելուն:
Հարց 3. Տեսական/գործնական պարապմունքների համամասնությունը նո՞ւյնն է մնալու:
Կուզեի նաև իմանալ նախարարի կարծիքը, թե արդյո՞ք դասավանդվող մասնագիտությամբ ոչ մի օր չաշխատած մասնագետը արդյո՞ւնավետ կերպով կարող է գործնական պարապմունքներ վարել, հմտություններ փոխանցել:
Հարց 4. Նախարարության կողմից ուսումնասիրվելո՞ւ են այս կամ այն բուհից արտսահմանում վերապատրաստվելու, սեմինարների ու կոնֆերանսների մասնակցելու գործուղվածների ցանկը:
Այստեղ կարևոր է հասկանալ՝ արդյո՞ք անընդհատ նույն մարդիկ չեն օգտվում այդ հնարավորություններից և արդյո՞ք չկա ԽԾԲ գործոնը:
Հարց 5. Ժամաբախշման տրամաբանությունը ենթակա՞ է նախարարության կողմից ուսումնասիրության: Օրինակ, արդյո՞ք նույն մասնագետը կարող է և քերականություն, և ֆոնետիկա, և թարգմանչական գործ, և այլ նեղ մասնագիտական առարկա դասավանդել:
Թե՞ դա արվել է առաջին կետում նշածս հաստիքային ծանրաբեռնվածությունը լրացնելու համար:
Դեռ այս հինգ հարցն եմ տալիս, որոնք անմիջականորեն վերաբերում են կրթության որակին: Գիտեմ, որ ուշացել եմ, քանի որ ժամաբաշխումը կատարվում է մեծամասամբ մայիսի վերջին:
Շնորհակալություն»: