ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հանձնաժողովի նիստում առաջարկում է փոփոխություններ կատարել ընտրություններին զինվորների քվեարկության կարգում: Նա այս մասին ասաց նիստից հետո լրագրողների հետ զրույցում:
«Քննարկվում է այն հարցը, որ քվեարկության ժամանակ զինվորների վերադասները իրենց մոտ չլինեն, և զինվորներն ազատ կատարեն իրենց քվեարկությունը: Այսինքն` նրանք ընտրատեղամասում չեն լինելու»,-ասաց Իոաննիսյանը:
Հաջորդը փոփոխությունը կապված է ընտրողին օգնելու մեխանիզմի հետ: Դանիել Իոաննիսյանը նշեց, որ նախորդ ընտրություններին 75 հազար մարդ օգնողի միջոցով է իրականում քվեարկություն կատարել: Առաջարկվում է նոր մեխանիզմներ, որպեսզի սահմանվի, թե ովքեր կարող են լինել այս կամ այն անձին օգնող: Յուրաքանչյուր մարդ միայն մեկ հոգու կարող է օգնել, այն էլ եթե այդ ընտրատեղամասի ընտրող է:
«Այնպես պետք է անել, որ սահմանափակ կարողություններ ունեցող քաղաքացիները հնարավորինս ինքնուրույն քվեարկեն, դրանից բացի, հստակեցնել, թե ովքեր կարող են օգնել: Հայտնի է, որ որոշ մարդիկ հաստիքով թոռնիկ էին աշխատում և հինգ, տաս տատիկի օգնում էին քվեարկության ժամանակ. դա պետք է բացառվի»,- եզրափակեց Դանիել Իոաննիսյանը։