Ռուբեն Շուխյանի անդրադարձը econews.am-ի հոդվածին.
Մի խեղեք ձեր զավակներին.
Econews բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է ներկայացնել ապօրինի որսի, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերի մասին վկայող լուսանկարներ և այլ մանրամասներ: Այս անգամ համացանցում են հայտնվել լուսանկարներ, որոնց «գլխավոր հերոսը» մի անչափահաս է:
Արգիշտ Գ. անունով օգտատերը, ով, ինչպես նշված է կայքում, ծնվել է 2002-ին, 2017-ի օգոստոսին համացանց է ներբեռնել լուսանկարներ, որտեղ վերջինս լուսանկարված է որսի համար չթույլատրված սպանված թռչունը ձեռքին: Նշենք, որ մեծ ճուռակ (Buteo rufinus) անվանումով գիշատիչ թռչունի թևերի բացվածքը հասնում է մինչև 160 սանտիմետրի և այն բավականին տարածված է ՀՀ-ում:
Կարծում ենք, նմանատիպի դեպքերի գլխավոր մեղավորները կամա թե ակամա հենց երեխայի ծնողներն են հանդիսանում: Իրոք, ինչպե՞ս կարելի է անչափահասին թույլ տալ նմանատիպի լուսանկարների «հերոսը» դառնալ, հետո այդ ամենը հասանելի դարձնել լայն հանրությանը և այդ անարժան արարքի համար «լայքեր» հավաքել: Ծնողը պետք է հստակ գիտակցի, որ դրանով միայն անդառնալի կերպով խեղվում է իրենց զավակի հոգեբանությունը և նրան դարձնում հասարակության համար վտանգավոր երևույթ: