Մայր Աթոռը Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ բողոքի ակցիա նախաձեռնած քաղաքացիների կողմից դիվանատան տարածք ներխուժելու առաջին իսկ օրվանից դիմել է ոստիկանությանը, որը, սակայն, ակցիայի մասնակիցներին չի հեռացրել այնտեղից: Հուլիսի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը: «Հենց այն օրը, երբ բողոքի ակցիայի մասնակիցները ներխուժեցին Վեհարանի տարածք, Մայր Աթոռը դիմել է ոստիկանություն», – ասաց հոգևորականը:
Նրա խոսքով՝ ոստիկանները հսկում են տարածքը, որպեսզի ակցիայի մասնակիցներն ավելորդություններ ցույց չտան, հսկում են նաև ավազակային հարձակումներից, այլ ոտնձգություններից, քանի որ Վեհարանի տարածքում է բնակվում է Գարեգին Բ կաթողիկոսը: Իրավապահ մարմինները, սակայն, ցուցարարներին չեն հեռացնում այնտեղից, ինչը, Տեր Ասողիկի խոսքով, անհասկանալի է իրենց համար:
«Ոստիկանության ներկայացուցիչների մեկնաբանություններով՝ իրենք իրավունք չունեն ցուցարարաներին հեռացնելու տարբեր պատճառաբանություններով, ինչը մեզ համար տարօրինակ է և անհասկանալի, չէ՞ որ այդտեղ վանք է, Մայր Աթոռը հայոց եկեղեցու սեփականությունն է, և մանավանդ դա կաթողիկոսի բնակության վայրն է, և հանրային տարածք որպես այդպիսին չի դիտարկվում»,- ասաց Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը։