Հայաստանի քաղաքացիական ավիացիայի ղեկավարի պաշտոնը ստանձնեց 30-ամյա Տաթևիկ Ռևազյանը։ Նա Կոպենհագենից Հայաստան է վերադարձել անցած տարվա սեպտեմբերին. Դանիայում է ապրել 5 տարեկանից:
NEWS.am-ի հետ զրույցում Տաթևիկ Ռևազյանն ասաց՝ ավիացիայի ոլորտում շուրջ տասը տարվա փորձ ունի: Կոպենհագենում աշխատել է «Մոմոնդո» ընկերությունում։ Հեղափոխությունից հետո ոլորտի բարելավման նպատակով առաջարկներ է ներկայացրել կառավարություն, իր աշխատանքային կենսագրությունն են ուսումնասիրել, որից հետո ստացել է ոլորտը ղեկավարելու առաջարկ: Ասում է՝ իր համար անսպասելի էր:
«Սկսել եմ Կոպենհագենի օդանավակայանում։ Դրանից հետո թեզ եմ գրել ավիացիայի հետ կապված, թե կոնկրետ ինչպես է կառավարությունն ազդում ավիացիայի զարգացման վրա, և համեմատել եմ Կոպենհագենի օդանավակայանը «Զվարթնոցի» հետ: Դրանից հետո աշխատել եմ «Մոմոնդո» ցանցում, որտեղ ավիատոմսերի գներն են համեմատում: Ամբողջ աշխարհի ավիաընկերությունների հետ եմ շփվել ու շատ բան սովորել»,- ասաց Տաթևիկ Ռևազյանը՝ հավելելով, որ Հայաստանի քաղաքացիական ավիաընկերություններում չի աշխատել, պարզապես կամավորության սկզբունքով աջակցել է մի շարք հարցերում։
«Մինչ այս Սան Ֆրանցիսկոյի FLYR-ում եմ աշխատել, ինձ առաջարկեցին՝ իրենց ավիաընկերությունների արտադրանքը ներկայացնեմ Եվրոպայում, ես էլ առաջարկեցի Երևանում թիմ ստեղծել և տեղափոխվեցի այստեղ: 2017 թվականից ես Հայաստանում եմ ապրում: Հայաստանում ինժեներական թիմ հավաքեցինք, հիմա հինգ հոգանոց թիմ ունենք»,- ասաց նա:
Քաղավիացիայի երիտասարդ ղեկավարն ասաց՝ տեղյակ է ոլորտի խնդիրներից, սակայն հավակնում է այստեղ հեղափոխություն անել:
«Կոնկրետ քայլեր են արվելու, որ ավիատոմսերի գները նվազեն և մրցակցությունը մեծանա Հայաստանում: Երբ սեպտեմբերին վերադարձա Հայաստան, իմ նպատակն էր, որ աշխատատեղեր ստեղծվեն, իսկ ամենաարդյունավետ ձևը նոր թռիչքներ բերելն է: Ես ամեն ինչ կանեմ, որ այս ոլորտում էլ հեղափոխություն լինի»,- եզրափակեց Տաթևիկ Ռևազյանը։