Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Գեղաշեն գյուղում ճակատ-ճակատի բախվել են Nissan-ն ու ГАЗ 3110-ը. 4 վիրավորներից 2-ը երեխաներ են. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Գեղաշեն գյուղում ճակատ-ճակատի բախվել են Nissan-ն ու ГАЗ 3110-ը. 4 վիրավորներից 2-ը երեխաներ են. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Աբովյան-Գեղաշեն ավտոճանապարհի՝ Գեղաշեն գյուղի սկզբնամասում, ոլորանապտույտ հատվածում ճակատ-ճակատի բախվել են ГАЗ 3110 մակնիշի 34 TO 108 համարանիշի և Nissan Tiida մակնիշի 35 GP 288 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից մեկին տեղափոխել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթաջյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աբովյանի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։ Տեղում աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Nissan-ի վարորդը, ով մեծ արագությամբ ոլորանապտույտ հատվածում հավանաբար չկարողանալով կառավարել ավտոմեքենան՝ բախվել է հանդիպակաց գոտիով ընթացող ГАЗ 3110-ին։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները քարշակի միջոցով տեղափոխվեցին ոստիկանության Աբովյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com