«Կասկադյորական» վթար Երևանում. BMW-ի վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Advertisement 1000 x 90

«Կասկադյորական» վթար Երևանում. BMW-ի վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Այսօր՝ հուլիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։45-ի սահմաներում BMW մակնիշի 34 MR 764 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում՝ «Պարմա» հյուրանոցային համալիրի դիմաց, բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե հատվածին, այնուհետև առաջ ընթանալով՝ հարվածել հաստաբուն ծառին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, ովքեր 1 ժամից ավելի օգտագործելով հատուկ տեխնիկա՝ նոր միայն կարողացել են վարորդին դուրս բերել ավտոմեքենայից։

Օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր հենց ավտոմեքենայի մեջ առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վարորդին, որից հետո տեղափոխել են հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի տեսուչներ Կարեն Խաչատրյանն ու Տիգրան Մարգարյանը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարներիգործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի գլկավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն բաժանմունքի ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնոթյունը, ում մինչ փրկարարների և շտապօգնության ժամանումը, օգնության ձեռք են մեկնել քաղաքացիներն ու «Պալաս» հյուրանոցային համալիրի աշխատակիցները։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է Երևան քաղաքի Դավիթաշեն 2-րդ փողոցի բնակիչ՝ 36-ամյա Մարտիրոս Հովհաննիսյանի անվամբ անձնագիր, ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր և վարորդական իրավունքի վկայական։ Ոստիկանությունը պարզում է՝ արդյո՞ք վարորդը նա է եղել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com