Ո՞ր երկրներում ինչպես են զինված ուժերն օգտագործում քաղաքացիական կյանքում. yerevan.today
Advertisement 1000 x 90

Ո՞ր երկրներում ինչպես են զինված ուժերն օգտագործում քաղաքացիական կյանքում. yerevan.today

Պետության ներքին անվտանգության ապահովումը բարդ և բազմակողմանի գործընթաց է: Ժամանակակից աշխարհում իրավապահ ուժերի կարողություններն ու հնարավորությունները հաճախ չեն բավականացնում այդ անվտանգությունը հավուր պատշաճի ապահովելու համար: Այդ իսկ պատճառով բազմաթիվ պետություններում նախատեսված է Զինված ուժերի ներգրավումը` համապատասխան խնդիրների լուծման նպատակով: Հիմնականում բանակն օգտագործվում է որպես ամենակազմակերպված և պատշաճ կերպով զինված կառույց` իրավապահ մարմիններին օժանդակություն ցուցաբերելու և պետական ինստիտուտները ապստամբություններից, ահաբեկչություններից ու մասսայական անկարգությունների ժամանակ զավթումից պաշտպանելու համար: Ձեզ ենք ներկայացնում ԱՄՆ-ում, ՌԴ-ում, եվրոպական մի քանի երկրներում և Հայաստանում ԶՈւ օգտագործման պայմաններն ու դեպքերը:

Ժողովրդավարական երկրներում զինված ուժերը երկրի առօրյա կյանքում կարգապահական գործընթացներին գրեթե չեն մասնակցում, բացառությամբ այն դեպքերի, երբ օպերատիվ իրավիճակը բարդանում է:

Ճգնաժամային իրավիճակներում ամենադեմոկրատական երկրներն անգամ անհապաղ ապավինում են զինված ուժերին՝ երկրում իրավիճակի կարգավորման համար, միայն թե սա արվում է կարգավորվող օրենսդրության շրջանակում, որը բացառում է իշխանության բռնազավթումը զինվորականների կողմից:

Ընդ որում, որոշ երկրներում՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և այլն, զինուժի օգտագործումը կարգավորվում է օրենքներով ու ենթաօրենսդրական ակտերով, իսկ մի շարք երկրներում էլ՝ Գերմանիա, Ավստրիա և այլն, սահմանադրությամբ:

Իսկ ինչպե՞ս են տարբեր երկրներ, որոնց հիմնական մասը՝ դեմոկրատիայի ջահակիր, ներքին խնդիրների արդյունավետ լուծման համար օգտագործել զինուժը:

Իշխանությունների ճիշտ ժամանակին արված՝ սահմանադրությամբ նախատեսված միջամտությունը, երբ խոսքը վերաբերում է զինված ուժերի լայն կիրառմանը, արտակարգ, սակայն անհրաժեշտ գործիք է համարվում, որն ապահովում է ողջ պետական մեխանիզմի արդյունավետ գործունեությունը քաղաքական, տնտեսական կամ սոցիալական ճգնաժամի դեպքում երկրի տարածքային ամբողջականության պահպանման կարևորագուն գործում:

Դիտարկենք մի քանի օրինակ տարբեր երկրների փորձից:

ԱՄՆ

«Քաղաքացիական անկարգությունների դեպքում ցամաքային զորքերի և ռազմաօդային ուժերի օգտագործման մասին» օրենքով (ԱՄՆ-ի Քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հատոր) արգելվում է ռազմական ուժի կամ դրանց պահուստային բաղադրիչների ներգրավումն ակցիաներում՝ երկրի տարածքում կարգապահություն և օրինականություն հաստատելու նպատակով, բացառությամբ Սահմանադրությամբ կամ Կոնգրեսի կողմից սահմանված դեպքերի:

Զորքերը կարող են օգտագործվել, եթե տեղի իշխանություններն ի վիճակի չեն ինքնուրույն կարգավորել ճգնաժամային իրավիճակը և իրենց տարածքում ապահովել օրինականություն կամ անգործություն են ցուցաբերում՝ արհամարհելով օրենքները: Զորքերի կիրառումը, ինչպես նշվում է ԱՄՆ ռազմական արդարադատության համընդհանուր կոդեքսում, իրավաբանորեն արդարացված է որպես միջոցառում, որն անհրաժեշտ է ապստամբությունների (զանգվածային անկարգություններ), երկրի ներսում հանցավոր գործողությունների համար, որոնք ունեն իշխանությունների օրինական մարմինները տապալելու, պետությանը և ԱՄՆ քաղաքացիներին վնաս հասցնելու նպատակ և խախտում են մարդու իրավունքները:

1945թ-ից մինչ այժմ դաշնային իշխանությունները 11 անգամ դիմել են մասշտաբային միջամտության՝ երկրի ներսում օգտագործելով զինուժը:

Դրանցից 5-ը եղել է նահանգապետերի խնդրանքով, 6-ը՝ երկրի նախագահի նախաձեռնությամբ: Ներքին անվտանգության ապահովման, մասսայական անկարգությունները ճնշելու համար ԱՄՆ-ն օգտագործում է անգամ ծովային ուժերը: ԱՄՆ Սահմանադրության 4-րդ գլխի 4-րդ հոդվածով, յուրաքանչյուր նահանգի երաշխավորվում է դաշնային օգնություն ներքին և արտաքին բռնությունից:

ԱՄՆ Լոս-Անջելես քաղաքում 1992թ. անկարգությունների ժամանակ ոստիկանական ուժերը կարգուկանոն հաստատելու համար բավարար չէին, ակտիվորեն ներգրավվեցին ազգային գվարդիայի մոբիլիզացված ուժերը: Երբ պարզվեց, որ նրանք ևս չեն բավականացնում, երկրի նախագահը քաղաքը բռնագրավածներից ազատելու համար ուղարկեց ծովային ուժերի: Արդյունքում մի քանի օր անց քաղաքում վերականգնվեց հասարակական կարգը, որից հետո երկրում նման մասշտաբի անկարգություններ չեն եղել:

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

ԳԴՀ Սահմանադրությունը երկրի ներսում ազգային զինված ուժերի (Բունդեսվեր) օգտագործման երեք դեպք է նախատեսում կառավարության՝ առանց Բունդեսվերի հետ համաձայնեցնելու որոշմամբ:

Ռազմական ստորաբաժանումների ներգրավում հատկապես կարևոր պետական սուբյեկտների պաշտպանության և անվտանգության ուժեղացման համար, որոնք գտնվում են ոստիկանության վերահսկողության տակ՝ դրանք զավթելու սպառնալիքի առաջացման դեպքում (ահաբեկիչների կողմից և այլն): Զինված ուժերի ներգրավումը քաղաքացիական սեկտորին բնական աղետների կամ հատկապես ծանր վթարների և աղետների դեպքում օգնություն ցույց տալու համար: ԳԴՀ դեմոկրտական համակարգում ներքին սպառնալիքի առաջացման դեպքում ընդհանրապես կամ երկրի որոշ հատվածներում զինված ուժերի օգտագործում ոստիկանությանն աջակցելու համար՝ զինված ապստամբների (ահաբեկիչների) կազմավորումն ու աշխատաքները ճնշելու և սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով:

Գերմանիայի Դաշնային սահմանադրական դատարանը բունդեսվերին, թույլ է տվել բացառիկ դեպքերում մարտական զենք կիրառել երկրի ներսում սպառնալիքները վերացնելու համար: Միաժամանակ, դատարանի որոշման մեջ, որը հրապարակվել է 2012թ. օգոստոսի 17-ին, ընդգծվում է, որ զենքի կիրառումը հնարավոր է միայն գործող նորմերի խիստ պահպանմամբ «աղետալի մասշտաբի արտակարգ իրավիճակների դեպքում»:

Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ բունդեսվերը զենք կիրառելու իրավունք չունի «ցուցարարների բազմությունից եկող սպառնալիքները» վերացնելու համար: Ամեն դեպքում, զինվորների կողմից մարտական զենքի կիրառումը ԳԴՀ տարածքում հնարավոր է միայն որպես ծայրահեղ միջոց, համապատասխան որոշումը պետք է անհապաղ կայացվի դաշնային կառավարության կողմից, որոշման կայացումը չի կարող փոխանցվել պաշտպանության նախարարությանը:

Որոշումն ընդունվել է Դաշնային սահմանադրական դատարանի լիագումար նիստում՝ երկու սենատների անդամների մասնակցությամբ:

Այսպիսով,Կարլսրուեի դատարանը շտկել է 2006 թվականին առաջին սենատի դատարանների կողմից ընդունված որոշումը, որով սկզբունքորեն բացառվում էր բունդեսվերի կողմից «հատուկ մարտական զենքի» օգտագործումը Գերմանիայի ներսում:

Ֆրանսիա

Ֆրանսիայում 1995 թվականին՝ 10 մարդու մահվան և 200 վիրավորի պատճառ հանդիսացած ահաբեկչական հարձակումներից հետո, գործի դրվեց հատուկ արտակարգ հանգամանքների համար մշակված «Վիժիպիրատ» ծրագիրը, ըստ որի՝ խոշոր քաղաքների բոլոր փողոցների և մետրոյի կայարանների պահպանությունը, ինչպես նաև բնակիչների շրջանում փաստաթղթերի լայնատարած ստուգումներն իրականացվում էին բանակի, ոստիկանության և ժանդարմերիայի համատեղ ջոկատների կողմից: Զինված ուժերի ճյուղերը և ստորաբաժանումները (ի լրումն ոստիկանության և ժանդարմերիայի ուժերին) լայնորեն օգտագործվում էին նաև 1998-ի ամռանը Ֆրանսիայում ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման ժամանակ:

Մեծ Բրիտանիա

Մեծ Բրիտանիայում Զինված ուժերը կարող են օգտագործվել պետության տարածքում՝ 1920 և 1964թթ. արտակարգ լիազորությունների մասին օրենքների, ինչպես նաև ընդհանուր «թագավորական արտոնությունների» համաձայն, որոնք հիմնված են որոշ դատական գործընթացների վրա: Դրանցով իշխանությանը պարտավորեցնում է հասարակությունում խաղաղության և հանրային կարգուկանոնի ապահովման քայլեր ձեռնարկել, այդ թվում՝ ռազմական ուժերի օգնությամբ: 1964-իմ ընդունված արտակարգ լիազորությունների մասին օրենքը թույլ է տալիս զինված ուժերի՝ սեփական հայեցողությամբ օգտագործումը պաշտպանության խորհրդի անդամների կողմից՝ առանց Խորհրդարանի պատժամիջոցների: Սա կարող է լինել նույնիսկ այն դեպքում, երբ երկրում արտակարգ դրություն չի հայտարարվել:

Ռուսաստանի Դաշնություն

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի օգտագործումը երկրի ներսում կիրառվել է մի քանի անգամ (1991-ի օգոստոսյան հեղաշրջման, 1993-ի հոկտեմբերին իշխանության ճգնաժամի և Չեչնիայի Հանրապետությունում սահմանադրական կարգը վերակագնելու ժամանակ):

Հարցը դեռ ԽՍՀՄ-ի ժամանակներից օրենսդրորեն չէր կարգավորվում՝ պայմանավորված այն սկզբունքով, որ Ռուսաստանի զինված ուժերը պետք է միայն արտաքին ագրեսիայից պաշտպանեն: Չնայած «Ռազմական դրության մասին», «Արտակարգ դրության մասին», «Ահաբեկչությանը հակազդելու մասին» օրենքների համաձայն (առաջին երկուսը սահմանադրական օրենքներ են)՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հատուկ իրավական ռեժիմների շրջանակում կարող են օգտագործվել պետության տարածքում: Բացի այդ, «Պաշտպանության մասին» դաշնային օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ՌԴ նախագահն իրավունք ունի Զինված ուժերը ներգրավել առաջադրանքների կատարմանը՝ դաշնային օրենքների համաձայն զենքը ոչ իրենց նշանակությամբ օգտագործելով:

Ամբողջությամբ՝ yerevan.today