Հուլիսի 20-ին ժամը 17:49-ին Արցախի Մարտունու շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Մարտունու շրջանի «Ղուրուչուղ» կոչվող բարձունքում, Մարտունի քաղաքից 10-12 կմ հեռավորության վրա հրդեհ է բռնկվել:
Արցախի ԱԻՆ-ից հայտնում են, որ նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք:
Ժամը 17:49-ին Մարտունու ՀՓՄ-ի հրշեջ մեքենան մեկ մարտական հաշվարկով մեկնել է հրդեհի վայր և սկսել իրականացնել հրդեհաշիջման աշխատանքներ: Ժամը 18:49-ին Մարտունու ՀՓՄ-ից օգնության է մեկնել 2-րդ հրշեջ ավտոմեքենան:
Հրդեհը մարելու համար հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են նաև Ֆիզուլի տեղանքից օգնության հասած ևս 2 հրշեջ ավտոմեքենաներ՝ իրենց մարտական հաշվարկներով: Հրդեհաշիջման աշխատանքներին Մարտունի քաղաքից մասնակցել են նաև 100 բնակիչ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:30-ին՝ Մարտունի քաղաքից և մոտակա բնակավայրերից 4-5 կմ հեռավորության վրա: Հրդեհը մարվել է ժամը 01:00-ին:
Մարտունու շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի նախնական տվյալների համաձայն՝ այրվել է չմշակված նռան այգի և ոչ պտղատու ծառեր, որի չափը ճշտվում է, և մոտ 1000 հա չոր խոտատարածք ու հնձած դաշտ:
Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացվում։