Հայաստանում շատ չեն կամրջից նետվողները, ինքնասպանության այլ ձևերն ավելի տարածված են. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Հայաստանում շատ չեն կամրջից նետվողները, ինքնասպանության այլ ձևերն ավելի տարածված են. armeniasputnik.am

Հայաստանում սխալ կարծիք է տարածված, թե շատացել են կամրջից նետվելու միջոցով ինքնասպանություն գործողների թիվը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանը։ Նրա խոսքով` այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում ԱԻՆ-ում արձանագրված 100 դեպքից միայն 1-ն է կամրջից նետվել։ Այս վիճակագրության մեջ հաշվառված չեն ինքնասպանության կանխված փորձերը։

«Հունվարի 1-ից հունիսի 31-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է ինքնասպանության 100 դեպք, որից 73-ն ինքնասպանություն են գործել իրենց բնակարաններում` բնակելի շենքերում։ Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ վիճակագրությունն աճել է 11 դեպքով»,- ասաց Խանգելդյանը։

Ինքնասպանություն գործած քաղաքացիներից 74-ը կախվել են, 13-ը ցած են նետվել տարբեր բարձրություններից, 3-ն ինքնասպան են եղել հրազենի կիրառմամբ, 3-ը` քիմիական նյութեր ընդունելով, 2-ը երակներն են կտրել, 1-ն էլեկտրահարվել է։

Ինքնասպանություն գործածների մեջ գերակշռում են տղամարդիկ, հիմնականում`40-60 տարեկան։ Անչափահասները 3-ն են` 1 տղա և 2 աղջիկ։

Վերջին դեպքերը փրկարարներին առավել շատ են անհանգստացնում։ Այս տարիքային խմբի շրջանում ինքնասպանության դեպքերը թեև շատ չեն, բայց նախորդ տարիների համեմատ աճի միտում է նկատվում։

Փոխարենը նվազել են վտանգավոր խաղերի հետևանքով տուժած երեխաների վերաբերյալ ահազանգերը։

Իսկ ընդհանուր առմամբ, 911 ծառայությունն այս տարի 645 526 ահազանգ է ստացել, որոնցից արտակարգ դեպքերին վերաբերել են միայն 13 626-ը։ 236-ի դեպքում զանգահարողները հոգեբանական աջակցության կարիք են ունեցել (մնացածը կա՛մ սխալ են զանգել, կա՛մ ցանկացել են տեղեկատվություն ճշտել)։

«Կան քաղաքացիներ, որոնց մտահոգում է իրենց երեխաների վարքը, ինչ-որ բան են ուզում ճշտել, կան քաղաքացիներ, որոնք ներանձնային խնդիրներ ունեն, զրուցակից են փնտրում։ Ոմանք ինքնասպանության են պատրաստվում և զանգում են, ասում` եթե այսպես լինի, ես այս քայլին կդիմեմ։ Մեր հոգեբանները զրուցում են նրանց հետ, հարկ եղած դեպքում` այցելում»,- ասաց Խանգելդյանը։

Փրկարարը նաև նշեց, որ այս տարվա առաջին կիսամյակում գրանցվել է ջրահեղձման 2 դեպք։ Սևանա լճում մինչև հունիսի 31-ը խեղդվողներ չեն եղել։

Բնական աղետներից, մասնավորապես գարնանը Երևանում գրանված ուժեղ քամիներից այս տարի տուժել է մեկ քաղաքացի։ Անչափահասը ավտոմեքենայի մեջ է եղել այն պահին, երբ քամու հետևանքով ծառն ընկել էր ավտոմեքենայի վրա։ Երիտասարդը թեթև վնասվածք է ստացել։

armeniasputnik.am