Ադրբեջանցիները Ֆեյսբուքում վրդովվում են հայկական ազգանվամբ երգչուհու ժամանման առիթով. jam-news.net
Advertisement 1000 x 90

Ադրբեջանցիները Ֆեյսբուքում վրդովվում են հայկական ազգանվամբ երգչուհու ժամանման առիթով. jam-news.net

Ռուսաստանյան երգչուհի Զառա Մգոյանի հնարավոր այցը Բաքու Ֆեյսբուքի ադրբեջանական սեգմենտում սկանդալ է առաջացրել, որն արդեն մի քանի օր է չի հանդարտվում: Պատճառն այն է, որ Զառան հայկական ազգանուն ունի և երգում է «Իմ Հայաստան» երգը:

Սոցցանցում տեղեկատվություն է տարածվել, որ երգչուհուն հրավիրել են «Տապ» երաժշտական փառատոնին, որի գլխավոր կազմակերպիչն ադրբեջանական ծագմամբ ռուսաստանցի երգիչ, խոշոր գործարարի որդի և Ադրբեջանի նախագահի նախկին փեսա Էմին Ագալարովն է: Փառատոնը կանցկացվի հուլիսի 26-29-ը:

Մինչ այդ Բաքվում են եղել երգիչներ Ֆիլիպ Կիրկորովն ու Իրինա Ալեգրովան, որոնք հայկական արմատներ ունեն: Նման դեպքերում քննարկման թեմա է լինում հյուրի պահվածքն ու ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ նրա դիրքորոշումը: Օրինակ, երբ 2016թ- ին երգիչ Սոսո Պավլիաշվիլին եկել էր Բաքու, ադրբեջանական հանրությունը վրդովվել էր նրա հայտարարություններից այն մասին, թե նա «գնացել է Ղարաբաղ և շարունակելու է գնալ»: Այնուամենայնիվ, նրա համերգին անշլագ էր:

Իսկ ահա հայ բռնցքամարտիկների վրա, որոնք 2011թ-ին եկել էին աշխարհի առաջնությանը մասնակցելու, բառացիորեն փորձել էին քարեր նետել:

Զառան անցանկալի հյուր է, քանի որ Ինստագրամում նրա գրառումները միանշանակ խոսում են Հայաստանի դիրքորոշմանն աջակցելու մասին:

Ֆեյսբուքյան մեկնաբանությունները տատանվում են ծայրահեղ ագրեսիվից մինչև հեգնական.

«Ամոթ և նրանց, ովքեր Բաքու են հրավիրում հայ երգչուհու, և նրանց, ովքեր դա թույլ են տալիս: Ամո՛թ»:

«Անիծվե՛ք դուք, հայրենիքի դավաճաներ»:

«Բանն այն չէ, որ նա հայ է, այլ այն, որ նա ճանաչում է հայերի ցեղասպանությունը»:

«Հարց կազմակերպիչներին. եթե այդքան անհրաժեշտ է Բաքու բերել ինչ-որ հայի, ինչո՞ւ դա Քիմ
Քարդաշյանը չէ»:

«Ավելի լավ է կանչեք Սերժ Թանկյանին և SOAD-ին»:

«Պարզվում է, եթե նախկին փեսային պետք է, որոշ հայեր արդեն այնքան էլ հայ չեն: Ահա այսպիսի ընտրովի հայրենասիրություն»:

Հիմնական փաստարկն ի պաշտպանություն Զառայի այն է, որ նա ազգությամբ հայ չէ, այլ եզդի (քրդական էթնոդավան խումբ): Հենց այդ տեսանկյունից է արտահայտվել իր հոդվածում իշխանամետ 1news.az կայքը:

jam-news.net



Նման նյութեր