Այսօր՝ օգոստոսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի տարածքում գտնվող Արզնի ՀԷԿ-ի ջրավազանում տղամարդու դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Ալիկ Հակոբյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Ներսիսյանի և ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Վահագն Առաքելյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի հրշեջ-փրկարարները: Ոստիկաններն ու փրկարարները նշված վայրից դուրս են բերել Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի բնակիչ, 83-ամյա Նիկոլայ Իվանյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակցության համաձայն, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Փաստի առթիվ ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական խմբի հետաքննիչ Էդգար Կյուրեղյանի կողմից նյուրեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: