Օգոստոսի 18-ին՝ ժամը 19-ն անց 15-ին, ոստիկանության Գառնիի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Գառնիի «շտապ օգնությունը» արնահոսող վերքերով երկու տղամարդու տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ոստիկանության օպերատիվ խումբը մեկնել է հիվանդանոց, որտեղ պարզվել է տուժածների ինքնությունը՝ հայր ու որդի էին: Երկուսի մոտ էլ մարմնի տարբեր հատվածներում ախտորոշվել էին կտրած վերքեր:
Ոստիկանության Կոտայքի բաժնի ու Գառնիի բաժանմունքի ծառայողները ձեռնարկել են ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը տաք հետքերով բացահայտելու համար:
Արդյունքում պարզվել է, որ տղամարդկանց Գառնի գյուղի Գեղարդի խճուղում դեռևս չպարզված առարկայով հարվածներ է հասցրել երևանցի, 1981 թվականին ծնված Արտյոմ Ղազարյանը: Ձեռնարկվում են միջոցառումներ նրան և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն: