Արտասովոր հարսանիք է տեղի ունեցել Դոմինիկյան Հանրապետության մայրաքաղաք Սանտո-Դոմինգոյում: Ինչպես հայտնել է EFE գործակալությունը, պերուացի դերասան և բնապահպան Ռիչարդ Տորեսն ամուսնական կապ է հաստատել ծառի հետ:
Ակցիայի նպատակը հասարակայնության ուշադրությունն անտառների անօրինական հատման խնդրի վրա հրավիրելն էր: Արարողությանը, որն անցած հանգստյան օրերին տեղի է ունեցել Քրիստոփոր Կոլումբոսի անվան զբոսայգում, որը գտնվում է Սանտո-Դոմինգոյի մայր տաճարից մի քանի մետր հեռավորության վրա, տասնյակ մարդիկ էին եկել: Տորեսը հագել էր ձյունաճերմակ կոստյում՝ կարմիր փողկապով, գլխին սև գլխարկ էր դրել:
Դերասանը ծառին ծաղկեփունջ է մատուցել, ամուսնական մատանի հագցրել ճյուղին և հայտարարել, որ համաձայն է նրա հետ ամուսնանալ: Դրանից հետո նա բաժակ է բարձրացրել ամբողջ աշխարհի խաղաղության համար: Հյուրերի թվում էր Դոմինիկյան Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության նախկին նախարար Հայմե Դավիդ Ֆեռնանդես Միրաբալը:
«Սա նմանօրինակ արդեն 17-րդ հարսանիքն է: Մենք կանգ չենք առնի, քանի դեռ 100-րդ արարողությունը չենք կատարել և Գիննեսի ռեկորդ չենք սահմանել»,- հայտարարել է դերասանը: