Վերջին տարիներին Հանրապետությունում աճել է ավտոմեքենաների քանակը։ Դրան զուգահեռ ավելացել են վարորդները, հաճախացել են ճանապարհատրանսպորտային պատահարները։
Դատելով տարեկան արձանագրվող ճանապարհատրասնպորտային պատահարների քանակից, ինչպես նաև արձանագրված տուգանքների քանակից՝ կարելի է եզրակացնել, որ վարորդները լավ չեն տիրապետում Ճանապարհային երթևեկության անվտանգության կանոններին։
Փողոցում հաճախ կարելի է տեսնել հետիոտնին չզիջող, չամրակապված, առանց լուսային թարթիչի երթևեկության շարք փոխող, ղեկին ծխող և բազում այլ վտանգավոր խախտումներ անող վարորդների։ Այդ բոլոր վարորդները, սակայն, ստացել են վարորդական իրավունքի վկայականներ։
Շատերին է ծանոթ վկայական ստանալու «կարգը»․ տեսուչին վճարում ես 60-80 հազար դրամ և ստանում ես վկայականը, նույնիսկ եթե վարել չգիտես։ Իրականում, սակայն, անհրաժեշտ է սովորել ճանապարհային երթևեկության կանոնները, պատասխանել 10 հարցից առնվազն 9-ին, այնուհետև հաճախել ավտոդպրոց և մեքենա վարել սովորել, հանձնել գործնական քննությունը։ Վկայականը տրամադրվում է միայն նրանից հետո, երբ տեսուչը համոզվում է, որ անձը բավարարում է պահանջվող բոլոր պայմաններին և վտանգ չի ներկայացնում իր և երթևեկության այլ մասնակիցների համար։ Դատելով հանձնած քննությունների և հանձնած վկայականների վիճակագրությունից՝ հաճախ գործել է «մաղարիչի սկզբունքը»։
2016 թվականին Երևանի ՃՈ հաշվառման-քննական բաժնում վարորդականի գործնական քննություն է հանձնվել 7036 անգամ, որի արդյունքում 4997 մարդ ստացել է վարորդական վկայական։ Այլ կերպ ասած, քննությունից «կտրվել» է դիմորդների 29%-ը։
Վերջերս ճանապարհային ոստիկանությունը հայտարարեց քաղաքականության փոփոխության մասին։ Այլևս չեն լինի 30 հազար դրամից ավելի տուգանքներ, սակայն տուգանքների հետ մեկտեղ կկիրառվեն լրացուցիչ տույժեր՝ բալերի տեսքով։ Յուրաքանչյուր վարորդի տարեսկզբին տրամադրվելու է 9 բալ: Երբ որոշակի խախտումներ կատարելուց հետո այդ բալերը սպառվեն, տրանսպորտային միջոց վարելու իրավունքը 6 ամիս ժամանակով կկասեցվի:
Ավելի մանրամասն՝ sut.am