ՀՀ առողջապահության նախարարությունը հերթական անգամ իր մտահոգությունն է հայտնում մայրաքաղաքում աղբահեռացման ուշացումներով, քանի որ հատկապես տարվա տաք եղանակին կուտակված աղբն առողջության համար վտանգավոր մի շարք երևույթների առաջացման և տարածման պատճառ է դառնում` բարձրացնելով բնակչության շրջանում հիվանդացման ռիսկը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, շոգ եղանակին զգալիորեն արագանում են աղբի նեխման գործընթացները: Աղբի կուտակման վայրերից քամու միջոցով տարածվում է նեխմամբ պայմանավորված գարշահոտություն, առաջացող ծծմբաջրածինը և ամիակը մթնոլորտում անգամ փոքր կոնցենտրացիայի դեպքում կարող են գրգռիչ ազդեցություն ունենալ շնչառական ուղիների և աչքերի լորձաթաղանթի վրա` ծանրացնելով քրոնիկ թոք-սրտային և ալերգիկ հիվանությունների ընթացքը:
Աղբի կուտակումները կարող են ինքնաայրվել նույնիսկ ցուրտ եղանակին, ինչը հանգեցնում է քաղցկեղածին ազդեցություն ունեցող նյութերի՝ դիոքսինների և ֆուրանների արտանետմանը մթնոլորտ, իսկ տարվա շոգ և քամոտ եղանակին ինքնայրումը կարող է վերափոխվել հրդեհի:
Աղբի կուտակման վայրերը նպաստում են տարատեսակ հիվանդությունների հարուցիչների բազմացմանը և դրանց տարածմանը՝ աղտոտելով շրջապատը: Կուտակված աղբը գրավում է կրծողներին, միջատներին, թռչուններին, թափառող կամ վայրի կենդանիներին, որոնք տարբեր վարակիչ հիվանդությունների կրողներ կամ տարածողներ են և կարող են այդ հիվանդությունների դեպքերի պատճառ դառնալ: Օրինակ` կրծողները կարող են տուլարեմիայի վարակի աղբյուր կամ տարածող լինել, ճանճերը՝ տարբեր աղիքային վարակների, թափառող կենդանիները՝ լեյշմանիոզի, կատաղության և այլն, իսկ լեյշմանիոզը փոխանցող մլակները բազմանում են հենց օրգանական աղբի կուտակումներում: