Գեղարքունիքի մարզի Ծովազարդ համայնքի տարածքում, Սևանա լճի ափին, սեպտեմբերի 1-ին նկատված մահացած տղամարդու ինքնությունն արդեն պարզվել է. նա, ինչպես հավաստեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության պետի տեղակալ Գարիկ Հակոբյանը, այս տարվա օգոստոսի 3-ից Սևանա լճում անհետացած քաղաքացի Վանաձոր քաղաքի բնակիչ, 1975 թվականին ծնված Նվեր Շահնազարյանն է, որին ջրափրկարարները որոնել են օգոստոսի ընթացքում՝ կատարելով բազմաթիվ ջրասուզումներ:
Դեպքի վայրում՝ Արտանիշ գյուղի հատվածում մարդիկ վերջին անգամ օգոստոսի 3-ի կեսօրին Նվեր Շահնազարյանին տեսել են ափից 20 մետր խորության վրա, որտեղից և նա անհետացել է: Նվեր Շահնազարյանը փորձել է լողալով հետ բերել քամուց դեպի լճի խորքերը քշվող այն ռետինե նավակը, որի վրա գտնվել են իր քրոջ զավակները, որի ժամանակ էլ ջրահեղձ է եղել: Ջրափրկարարները կարողացել են փրկել նավակի վրա գտնվող անչափահաս երեխաների կյանքը և նրանց անվնաս ափ հասցնել, սակայն չեն գտելՆվերի ջրահեղձված դին:
Որոնումները շարունակվեցին շաբաթներ: Այս տարվա սեպտեմբերի 1-ին Արտանիշ գյուղի հակադիր ափին, Ծովազարդի տարածքում, նկատվել է անճանաչելի տղամարդու դի, որը և ոստիկանության կողմից հանձնվել է դատաբժշկական փորձաքննության, ինչի արդյունքում էլ պարզվել է, որ դին պատկանում է Սևանա լճում անհետացած Նվեր Շահնազարյանին: Դին արդեն հանձնվել է ջրահեղձվածի ընտանիքին: Փաստորեն, նրա դին հայտնաբերվել է ջրահեղձման վայրից, ալեկոծության ազդեցությամբ տասնյակ կիլոմետրեր հեռու քշված»,- ընդգծեց Գարիկ Հակոբյանը: