Apple ընկերությունը պլանավորում է ստեղծել առցանց-պորտալ, որտեղ տարբեր երկրների իրավապահ մարմինները կկարողանան հարցումներ զետեղել օգտատերերի անձնական տվյալներն ստանալու համար: Այդ մասին սեպտեմբերի 7-ին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով կորպորացիայի փոխնախագահ և գլխավոր իրավախորհրդատու Քեթրին Ադամսի նամակը:
Reuters-ի տվյալներով՝ սեպտեմբերի 4-ի նամակում Ադամսը սենատոր Շելդոն Ուայթհաուզին պատմում է նոր ծառայության մասին: Իրավախորհրդատուի խոսքով՝ պորտալը պլանավորում են գործարկել մինչև այս տարվա վերջը: Պորտալը հասանելի կլինի ամբողջ աշխարհում: Ինչպես նշում է գործակալությունը, ավելի վաղ իրավապահներն հարցումներն Apple-ին ուղարկում էին էլեկտրոնային փոստով: Միայն անցյալ տարվա ընթացքում ընկերությունը ոստիկանությունից ստացել է 14 հազար հարցում:
Շտապ հարցումների մշակման համար պահանջվել է մոտավորապես 20 րոպե: Նամակում նաև ասվում է, որ ԱՄՆ-ի մոտավորապես հազար ոստիկաններ արդեն նոր ծառայությունից օգտվլու ուսուցում են անցել: Ընկերությունում հրաժարվել են մեկնաբանել պորտալի ստեղծման վերաբերյալ տեղեկատվությունը: