Եռաչափ մոդելավորման, շարժապատկերների, անիմացիոն խաղերի մոտ 50 նախագծեր ներկայացվեցին Հայաստանի և Արցախի «Թումո»-ներում:
«Թումո պորտֆոլիո» ամենամյա միջոցառման շրջանակում Երևանի, Գյումրիի, Դիլիջանի և Ստեփանակերտի «Թումո» կենտրոնների սաները ներկայացրին վերջին տարվա դասընթացների ու հատուկ աշխատարանների ընթացքում արված լավագույն աշխատանքները:
«Սա Թումոյի գլխավոր միջոցառումներից է, քանի որ ցուցադրում ենք, թե փաստացի ինչ է «Թումո»-ն և թե ուսանողներն ինչ են արել վերջին տարվա ընթացքում: Սա համարում ենք մեր ամենակարևոր ձեռքբերումներից մեկը, այն արտադրանքը, որը մեր ուսանողներն իրենց դասընթացների շնորհիվ կարողանում են ստանալ»,-ասաց Երևանի «Թումո»-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Լիլիթ Թովմասյանը:
Ներկայացված էին աշխատանքներ ֆիլմարտադրությունից, խաղերի ստեղծումից, վիրտուալ իրականությունից, եռաչափ մոդելավորումից, նկարչությունից, անիմացիայից, շարժական գրաֆիկայից և այլ ոլորտներից: Աշխատանքները ցուցադրվելուց հետո լինելու են «Թումո»-ի կայքում, «Պորտֆոլիո» էջը մշտապես թարմացվում է նոր ուսանողական աշխատանքներով: Աշխատանքները տարածվում են նաև սոցիալական ցանցերով:
«Թումո»-ի 10 ուսանողներ ներկայացնում էին փոքրիկ տեսանյութ՝ ապացուցելու, որ իրականում լռություն չկա: «Նկարել և ձայնագրել ենք այն, ինչ լսում ենք շրջակա միջավայրում: Հուսով ենք, որ այն, ինչ լսում ենք, այլևս լռություն չի թվա: Մենք պարզապես ուշադիր չենք, եթե ուշադիր ես լսում, հասկանում ես, որ լռություն չկա»,-ասաց 15-ամյա Սոնա Ազատյանը:
Սաներից Էդ Անդրեասյանը ներկայացրեց ընկերների հետ արված աշխատանքներից մեկը՝ ողջ տիեզերքի մասին պատմող ինֆոգրաֆիկա: «Հիմնականում ներկայացվում է գրաֆիկաներով, դիագրամներով, կան նաև տեքստեր: Սա ինֆոգրաֆիկա է, որը փոխանցում է ինֆորմացիա, թե ինչպես է առաջացել արեգակնային համակարգը»,-ասաց նա:
Հաղորդակցման բաժնի ղեկավար Լիլիթ Թովմասյանը վստահեցրեց՝ ուսանողական աշխատանքները ցուցադրվում են տարբեր հարթակներում՝ փառատոններում, կոնֆերանսներում: «Թումո»-ի սաները երրորդ բրոնզե մեդալն են վաստակել ռոբոտաշինության միջազգային օլիմպիական խաղերում Վաշինգտոնում, որին 163-ից ավելի երկներ են մասնակցել: