Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, վիճաբանություն-ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի պատռած-ծակած վերք՝ աջից» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Բունիաթյանի և ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի Արգավանդ գյուղի բնակիչ՝ 26-ամյա Ռոբերտ Թորոսյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «Հրազդան» մարզադաշտի մոտից։ Ոստիկանները ստացված օպերատիվ տվյալներով պարզել են, որ վիճաբանությանը մասնակցել են 20-ից ավելի երիտասարդներ, որտեղ էլ տեղի է ունեցել ծեծկռտուք ու հնչել են կրակոցներ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 9 մմ տրամաչափի 2 հատ փամփուշտ, 1 հատ կրակված պարկուճ և արնանման հետքեր։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ։
Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները, վիճաբանության մասնակիցների ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: