Երևանում 2 հոգու մահվան ելքով վրաերթի ենթարկած 30-ամյա վարորդը տեղափոխվեց դատաբժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվելու է դատարան. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Երևանում 2 հոգու մահվան ելքով վրաերթի ենթարկած 30-ամյա վարորդը տեղափոխվեց դատաբժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվելու է դատարան. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը միջնորդություն է ներկայացնելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Նոր Նորքի 7-րդ զանգվածի բնակիչ՝ 30-ամյա Հունան Ավետիսյանի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ Հ. Ավետիսյանը, ով կասկածվում է սեպտեմբերի 11-ին Mercedes մակնիշի ավտոմեքենայով Թևոսյան փողոցում 2 քաղաքացու մահվան ելքով վրաերթի ենթարկելու մեջ, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ուղեկցությամբ տեղափոխվեց դատաբժշկական փորձագիտական կենտրոն, քանի որ վրաերթի ժամանակ նա նույնպես վնասվածքներ է ստացել և քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո Հ. Ավետիսյանը տեղափոխվելու է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ տեղի է ունենալու դռնփակ դատական նիստը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 11-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի որոշմամբ ձերբակալվել էր Նոր Նորքի 7-րդ զանգվածի բնակիչ, 30-ամյա Հունան Ավետիսյանը: Վերջինս ձերբակալվել էր սեպտեմբերի 11-ին իր վարած Mercedes մակնիշի 01 RQ 101 համարանիշի ավտոմեքենայով Թևոսյան փողոցում 2 քաղաքացու մահվան ելքով վրաերթի ենթարկելու փաստով:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ վրաերթի հետևանքով մահացածներն էին՝ Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի բնակիչ, 54-ամյա Մեխակ Հարությունյանը և Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի բնակիչ, 70-ամյա Սլավիկ Հայերյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները Թևոսյան փողոցում կատարում էին ճանապարհի վերանորոգման աշխատանքներ և վաղ առավոտյան, գալով Թևոսյան փողոց, աշխատանքների նախապատրաստվելու ժամանակ վրաերթի էին ենթարկվել: Վարորդ Հ. Ավետիսյանը դեպքի վայրից դիմել էր փախուստի, սակայն, իմանալով, որ Երևանի ճանապարհային ոստիկանները իմացել են իր բնակության վայրը, ինքնակամ ներկայացել էր ոստիկանության Նոր Նորքի բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com