Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ավանի ֆինանսատնտեսագիտական քոլեջից սեպտեմբերի 13-ին բուժկենտրոններ դիմած երեխաները դուրս են գրվել հիվանդանոցներից: Նրանք առողջական խնդիր չունեն: Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյանը:
Նրա խոսքով՝ իրենց տեղեկություններով ընդհանուր առմամբ տուժել է 10 երեխա: «Նրանցից 9-ը դիմել էր «Մուրացան» ԲԿ, որոնցից 4-ը ստացել են ամբուլատոր, 5-ը՝ ստացիոնար բուժօգնություն: Մի երեխա էլ բուժօգնության էր դիմել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ»,- ասաց նա:
ՀՀ ոստիկանությունից էլ տեղեկացրին, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 13.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել ՀՊՏՀ Ավանի ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրենը և հայտնել, որ քոլեջի տարածքում գործող թանի արտադրամասից գազի արտահոսք կա, ինչի պատճառով երեխաներին լսարաններից դուրս են հանել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 13.00-ին, Բաբաջանյան փողոցի 9 հասցեում գտնվող նշված քոլեջի տարածքում թանի արտադրամասի մասնաշենքի բակում տեղադրված գազի բալոնի արտահոսքից «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ քոլեջի 12 ուսանող տեղափոխվել է հիվանդանոց:
Նշանակվել են ԴԲՓ-ներ:
Նախապատրաստվում են նյութեր: