Ալկոհոլիզմն ու դրա հետևանքները
Advertisement 1000 x 90

Ալկոհոլիզմն ու դրա հետևանքները

«Ալկոհոլը բարբարոսության ծնունդն է, որ մարդկությունից խլում է նրա պոտենցիալը, ոտնատակ տալով երիտասարդությունը, ուժն ու էներգիան` կործանում է ողջ մարդկային ցեղը»:

Ջեկ Լոնդոն 

Ինչո՞ւ են այսօր երիտասարդացել ծխելը, ալկոհոլիզմը, թմրամոլությունն ու խաղամոլությունը, ինչո՞ւ են փոքրիկ աղջնակները տիկնիկով խաղալու փոխարեն՝ որոշում երեխաներ ծնել, ինչո՞ւ է այսքան շատանում անչափահաս հանցագործների թիվը: Ինչուների քանակը շատ-շատ է, իսկ դրանց պատասխանելն այնքան էլ հեշտ չէ: Միգուցե պատճառը «Կյանքից վերցրու ամենը» գովազդային նշանաբա՞նն է, որը դարձել է այսօրվա ժամանակակից մշակույթի մոդելը: Եվ ահա կտրուկ աճում է վնասակար սովորույթներ ունեցող երիտասարդների քանակը: Սարսափելի է անգամ մտածել, թե ինչքան երիտասարդներ են իրենց կյանքը կործանում ալկոհոլի ու թմրամոլության պատճառով:

Բոլոր վնասակար սովորություններն ու ախտաբանական կախվածություններն ունեն իրենց կազմավորման օրենքները: Ամեն ինչ սկսվում է այն բանից, երբ մարդն իր կյանքի ինչ-որ մի պահի ցանկություն է ունենում «զգալ հաճույքի» պահը, և դա նրան հաջողվում է, ասենք, ալկոհոլի օգնությամբ: Եվ այդպես նա փորձում է այդ զգացողությունն ունենալ մեկ անգամ ևս, ու այն հետագայում արդեն սկսում է շարունակական բնույթ կրել` առաջացնելով հոգեբանական կախվածություն: Որոշ ժամանակ անց օրգանիզմը տրամադրում է իրեն ալկոհոլի պարտադիր քանակության ընդունմանը, իսկ կախվածությունն արդեն վերածվում է ֆիզիկական ավելի լուրջ մակարդակի` հիվանդության:
Ալկոհոլի ազդեցության չափը կախված է օրգանիզմում արտադրվող ֆերմենտների ակտիվությունից, որը գենետիկական բնույթ ունի: Օրինակ, հնդիկների ֆերմենտային համակարգն այնպես է ձևավորված, որ նույնիսկ չափավոր քանակությամբ ալկոհոլը նրանց կյանքի համար վտանգավոր նշանակություն կարող է ունենալ` առաջացնելով ալկոհոլային թունավորում:

Սպիրտային խմիչքի հաճախակի օգտագործումը ձևավորում է հոգեբանական ու ֆիզիկական կախվածություն` ալկոհոլիզմ: Այն առաջանում է աստիճանաբար ու աննկատ: Սկզբում, որպես կանոն, մարդն իրեն հաշիվ չի տալիս, որ սկսում է անընդհատ խմելու առիթներ փնտրել, իսկ դա արդեն հիվանդության սկիզբն է: Դրան շատ արագ հաջորդում է հիվանդության երկրորդ էտապը` ֆիզիկական կախվածությունը, երբ մեկ գավաթ ալկոհոլն արդեն կենսական անհրաժեշտություն է դառնում: Երրորդ փուլում տեղի է ունենում ալկոհոլային անկում, երբ մարդը կորցնում է ամեն ինչի ու բոլորի հանդեպ հետաքրքրությունը և ամբողջությամբ դառնում խմիչքի գերի: Իսկ ալկոհոլի չարաշահումն, ինչպես գիտեք, իր ազդեցությունն է թողնում օրգանիզմի վրա:

Սիրտանոթային համակարգ

Ի՞նչ է կատարվում, երբ ալկոհոլն աղեստամոքսային տրակտի միջոցով ներթափանցում է արյան մեջ: Սովորական վիճակում էրիտրոցիտների արտաքին շերտը պատված է բարակ թաղանթով, որն անոթների պատերի հետ շփվելիս էլեկտրականացվում է: Էրիտրոցիտներից յուրաքանչյուրն ունի բացասական լիցքեր, այդ պատճառով դրանք միշտ իրարից վանվում են: Ու քանի որ սպիրտը լավ լուծիչ է, այն առանձնացնում է այդ պաշտպանիչ շերտը, որն էլ հանում է էլեկտրական լարումը: Արդյունքում` էրիտրոցիտներն իրարից վանվելու փոխարեն կպչում են միմյանց` առաջացնելով մազանոթի համար շատ մեծ գոյացություն, որի չափերը մեծանում են` կախված օգտագործվող խմիչքի քանակից: Իսկ եթե հաշվի առնենք այն, որ մարդու օրգանիզմի որոշ մազանոթներ (աչք, ուղեղ) մազից 50 անգամ բարակ են, կպատկերացնենք, թե ինչպիսի ծանրաբեռնվածություն է ընկնում անոթների վրա: Սկզբնական փուլում մեծ անոթների համար էրիտրոցիտների այս չափի խցանումն այնքան էլ վտանգավոր չէ, բայց տարիքի հետ դա սկսում է շարքից հանել սիրտ-անոթային համակարգը և այլ օրգան-համակարգերը: 100 գր. օղի ընդունելուց հետո մարդու օրգանիզմում մեկընդմիշտ կարող են մեռնել 8000 ակտիվ գործող բջիջներ: Իսկ ինչ վերաբերում է գարեջրին, որը ջրի ու թեյի փոխարեն՝ օգտագործում են այսօրվա երիտասարդները, ոչ բարենպաստ ազդեցություն է ունենում ոչ միայն սիրտ-անոթային համակարգի վրա, այլև երիկամների: Այս խմիչքի սիրահարների մոտ ձևավորվում է, այսպես ասած`«ցուլի սիրտ կամ գարեջրային սիրտ», որի չափերը մեծանում են, իսկ զարկերը` արագանում, առաջացնելով առիթմիա, արյան ճնշման բարձրացում:

Ուղեղ և նյարդային համակարգ

Մարդու օրգանիզմում չկա մի այնպիսի օրգան, որը չտուժի ալկոհոլից: Բայց ամենաշատը տուժում է մարդու ուղեղը: Եթե ալկոհոլի խտությունն արյան մեջ ընդունենք 1 միավոր, ապա լյարդում այն կկազմի 1,45, ողնուղեղում` 1,50, իսկ ուղեղում` 1,75 միավոր: Այդ թույնը հենց այնտեղ էլ հավաքվելու սովորություն ունի: 1 բաժակ գարեջուր, 1 բաժակ գինի, 100գր. օղի ընդունելուց հետո դրանց մեջ պարունակվող սպիրտը ներծծվում է արյան մեջ ու գնալով դեպի ուղեղ, սկսում է քայքայել ուղեղի թաղանթը: Մարդու ուղեղը բաղկացած է 15 միլիարդ նյարդային բջիջներից` նեյրոններից: Յուրաքանչյուր բջիջ սնուցվում է իր մազանոթի միջոցով, և, ինչպես արդեն նշեցինք, այդ մազանոթները շատ բարակ են: Դրանց խցանումների արդյունքում բջիջները չեն սնուցվում և 7-9 րոպե հետո անվերադարձ մեռնում են: Իսկ քանի որ նաև թթվածին չի հասնում ուղեղի բջիջներին, սկսվում է թթվածնային քաղց` հիպոքսիա: Հենց հիպոքսիան է մարդն ընդունում որպես հարբելու «անվնաս» վիճակ կամ արհեստական «լիցքաթափվելու» տարբերակ: Իսկ խմելուց հետո մարդու գլխում առաջանում է նեյրոնների նոր մահացած խումբ: Եվ երբ ալկոհոլիզմով տառապող մարդը մահանում է, հերձման ժամանակ միշտ նույն` ուղեղի կնճռոտված պատկերն է լինում:

Ստամոքս և ենթաստամոքսային գեղձ

Ալկոհոլի ընդունումից հետո առաջինը տուժում է ստամոքսը: Եվ որքան թունդ է խմիչքը, այնքան ծանր է վնասվածքի աստիճանը: Ալկոհոլը ճնշում է ենթաստամոքսային գեղձի մարսողական ֆերմենտների արտադրությանը, ինչը խանգարում է օրգանիզմի բջիջների սնուցմանը, իսկ առանձին դեպքերում էլ որոշ օգտակար նյութեր ընդհանրապես արյան մեջ չեն էլ անցնում: Անընդհատ ալկոհոլ օգտագործելու դեպքում, գեղձերը, որ ստամոքսահյութ են արտադրում, ալկոհոլի ազդեցությունից գրգռվում են և սկսում մեծ քանակությամբ լորձ արտադրել, իսկ հետո ենթարկվում ատրոֆիայի: Սննդի մարսողությունը ոչ լիարժեք է լինում կամ առանց մարսվելու անցնում է աղիներ: Սպիրտը «այրում» է կերակրափողի ու ստամոքսի պատերը, իսկ հետո բավականին երկար ժամանակ է անհրաժեշտ լինում մեռած հյուսվածքների վերականգնման համար: Սկլերոտիկ փոփոխություններ են տեղի ունենում նաև ենթաստամոքսային գեղձում: Այս հիվանդների մոտ հաճախ նկատվում է շաքարային դիաբետ, ինչը ենթաստամոքսային գեղձի աշխատանքի խանգարման արդյունք է, որն էլ իր հերթին հատուկ բջիջների մահացման արդյունք է:

Լյարդ

Եթերային սպիրտն անցնելով լյարդով` շատ բացասաբար է ազդում լյարդի բջիջների վրա, որոնք թունավոր մթերքի ազդեցությունից պարզապես մահանում են: Նրանց փոխարեն առաջանում է մի հյուսվածք կամ ուղղակի սպի, որը լյարդի ֆունկցիա ընդհանրապես չի կատարում: Լյարդի վիտամին A-ն պահպանելու ընդունակությունը պակասում է: Առաջ են գալիս նյութափոխանակության այլ խանգարումներ: Լյարդի չափերն աստիճանաբար փոքրանում են, այսինքն` կնճռոտում, ճնշվում են անոթները, արյան ճնշումը բարձրանում է 3-4 անգամ: Իսկ եթե անոթները պայթում են, սկսվում է արյունահոսություն, որից հետո վրա է հասնում մահը: Այ հենց սա էլ լյարդի ցիռոզի նկարագրությունն է: Լյարդի ալկոհոլային ցիռոզը բուժման իմաստով անհուսալի ու ծանր հիվանդություններից մեկն է:

Ալկոհոլի ազդեցությունը ծնելիության վրա

Ալկոհոլը քայքայում է ոչ միայն առանձին օրգաններ, այլ նաև կործանարար ազդեցություն է ունենում ռեպրոդուկտիվ հյուսվածքների ու ապագա սերնդի վրա: Իսկ դա նշանակում է, որ այն կործանում է ապագան: Ալկոհոլի ազդեցությունն ապագա երեխայի վրա լինում է 2 ձևով: Առաջինն այն է, որ ալկոհոլի գործածությունն ուղեկցվում է սեռական մթնոլորտի խորը փոփոխություններով ու ռեպրոդուկտիվ օրգանների ատրոֆիայով: Երկրորդը` հենց ուղիղ ազդեցությունն է սաղմնաբջջի վրա: Երբ մարդը գտնվում է ալկոհոլային ազդեցության տակ, նրա օրգանիզմի բոլոր բջիջները հագեցած են լինում եթերային թույնով, այդ թվում և՝ սաղմնային: Հարբեցողի կողմից վնասված սաղմնաբջջով է պայմանավորված անկման սկիզբը: Շատ ավելի վատ հետևանք կունենա այն, եթե մյուս`«կանացի» բջիջը ևս միաձուլման պահին ալկոհոլիզացված լինի: Այն հատկապես շատ ծանր կանդրադառնա պտղի զարգացման ու երեխայի հետագա ճակատագրի վրա: Հատկապես կանանց կողմից ալկոհոլի ընդունումը զգալի ազդեցություն է ունենում ապագա սերնդի վրա: Ընդ որում` այս դեպքում պարտադիր չէ, որ ծնողները հարբեցողներ լինեն: Նշենք, որ վիճակագրությունը հաստատում է այն փաստը, որ արատավոր ու մտավոր հետամնաց ծնվող երեխաների զգալի աճը հենց դրա հետևանք է: Եթե հարբեցող ծնողներից ծնվել է տկարամիտ ու էպիլեպսիկ երեխա, նրա թողած սերունդը նորից լինելու է հիվանդ, նույնիսկ, եթե ինքը հարբեցող չէ: Շվեյցիարիայում անցկացված համապատասխան հետազոտությունների արդյունքում (որոնց մեջ ներառվել են 9000 մտավոր հետամնաց երեխաներ), պարզվել է, որ այդ երեխաների բեղմնավորումը տեղի է ունեցել կամ Բարեկենդանի տոների, կամ խաղողի բերքահավաքի ժամանակ, երբ շատ գինի են խմում: Ապագա երեխային նման չարիքից պաշտպանելու համար է այն ավանդույթը (հատկապես գյուղական վայրերում), որ հարսանիքի ժամանակ հարսն ու փեսան պետք է չօգտագործեն ոչ մի կաթիլ ալկոհոլ պարունակող խմիչք: Ինչ պայմաններում ու ինչ չափաբաժնով էլ լինի` ալկոհոլն ու նորապսակներն անհամատեղելի են:

Նշենք նաև, որ Դ. Մենդելեևը, Ս. Բոտկինը, Ի. Սեչենովը, Ի. Պավլովը, Վ Բեխտերևը շատ հետազոտություններ են անցկացրել, որպեսզի համոզվեն այն մեծագույն չարիքի մեջ, որը հասցնում է ալկոհոլը կենդանի օրգանիզմների վրա: Նրանք սկսեցին հղի ծովախոզուկներին փոքր չափաբաժիններով ալկոհոլ տալ, և դրանց ծննդաբերած 88 ձագուկներից 54-ը ծնվելուց անմիջապես հետո սատկեցին: Շան հղիության վերջին 3 շաբաթներին կերի հետ տալիս էին քիչ քանակությամբ ալկոհոլ: Շունն ունեցել էր 6 ձագ, որոնցից 3-ը սատկել էին, իսկ երեքը թույլ էին ու տկար:

Եվ վերջապես, ալկոհոլն ազդում է մարդու բարոյականության վրա: Տեղի է ունենում բնավորության փոփոխություն ու անհատի անկում: Ուղեղի ու կենտրոնական նյարդային համակարգի փոփոխությունների հետ կապված, սկսում է փոխվել բնավորությունը` կորչում է մյուսներին լսելու ունակությունը, սեփական խոսքին հետևելու կարողությունը, առաջ են գալիս բնավորության եսասիրական գծեր, և մարդը դառնում է ավելի անհոգ: Մարդու բնավորությունը փչանում է` դառնալով ավելի կոպիտ ու չափից ավելի ինքնավստահ, ավելի թուլանում է հիշողությունն ու ուշադրությունը: Գրեթե բոլոր վթարները տեղի են ունենում ալկոհոլի ազդեցության տակ: Ամենաշատ հանցագործություններն ու ինքնասպանությունները տեղի են ունենում հենց ալկոհոլի ազդեցության տակ:

Ալկոհոլի նույնիսկ քիչ չափաբաժնից պետք է խուսափեն հղիներն ու այն կանայք, ովքեր պատրաստվում են հղիանալ, մարդիկ, ովքեր պատրաստվում են նստել մեքենայի ղեկին: Ալկոհոլից պետք է խուսափեն նաև նրանք, ովքեր պետք է կատարեն մեծ ուշադրություն պահանջող աշխատանք, մարդիկ, ովքեր ինչ-ինչ պատճառներով դեղեր են ընդունում, քանի որ դեղի ու ալկոհոլի փոխազդեցությունը շատ ծանր հետևանքներ կարող է ունենալ: Ամենակարևորը` ալկոհոլից պետք է խուսափեն երեխաներն ու դեռահասները:

Սուսաննա Ազատյան

Հոկտեմբեր 31, 2008

168.am