Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Դաշտավան գյուղի վարչական տարածքում բախվել են BMW մակնիշի 60 AR 707 համարանիշի և ГАЗ 3102 մակնիշի 31 VO 777 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է։ Դեպի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների ինքնությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: