Արդյոք կփակվի՞ ռուսական դրամատիկական թատրոնը. փոխնախարարի պարզաբանումը. araratnews.am
Advertisement 1000 x 90

Արդյոք կփակվի՞ ռուսական դրամատիկական թատրոնը. փոխնախարարի պարզաբանումը. araratnews.am

«Ռեգնում» լրատվականն օրեր առաջ գրել էր, թե հնարավոր է` Երևանում փակվի Կոնստանտին Ստանիսլավսկու  անվան ռուսական դրամատիկական թատրոնը, քանի որ  թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնին հավակնող և ըստ լուրերի՝ նախարարության հովանավորությունը վայելող Սուրեն Շահվերդյանը չի ցանկանում, որ թատրոնն իր գործունեությունը շարունակի որպես ռուսական դրամատիկական թատրոն:

Տեղեկացնենք, որ թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր, բեմադրիչ Ալեքսանդր Գրիգորյանի մահից հետո գեղարվեստական ղեկավարի ընտրություն տեղի չի ունեցել։

Araratnews.am-ը խնդրի մասին զրուցեց  մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանի հետ:

Տիկին Ղարիբյան, հավաստի՞ է արդյոք այն հրապարակումը, որ մշակույթի նախարարությունը չի ցանկանում, որ Երևանում լինի ռուսական դրամատիկական թատրոն: 

Ինձ այս պատմությունը հիշեցնում է մի կաթիլ մեղրի կամ փչացած հեռախոսի պատմությունը: Թատրոնը մեկ տարի՝ գեղարվեստական ղեկավար չուներ, չէր կարողանում ընտրել, քանի որ կային ներքին խնդիրներ: Դերասանների մի մասը  մի թեկնածուի էր պաշտպանել, մյուս մասը՝ մեկ այլ թեկնածուի: Այդ անառողջ մթնոլորտում գեղարվեստական ղեկավարի պաշտոնի համար 5 թեկնածու էր առաջադրված: Նրանք 5-ն էլ  մշակույթի նախարարություն նամակ էին գրել և հայտնել իրենց առաջադրվելու մասին: Հինգից երեքն ապրում են դրսում՝ ՌԴ քաղաքացիներ են: Այս պայմաններում թատրոնի տնօրենը՝ Ֆրեդ Դավթյանը,  դիմեց մեր օգնությանը, որ մենք  նախարարության հետ միասին այդ հարցը որոշենք:

Հիմա սա թողնենք ու անցնենք թատրոնի փակման լուրերին: Դա ճիշտ չէ: Նախարարության օրակարգում չկա ռուսական թատրոն փակելու  հարց, մտքներովս էլ չի անցնում դա անել:

Ինչպե՞ս է հանգուցալուծվելու թատրոնի գեղարվեստական ղեկավարի հարցը:

Հինգ թեկնածուներից մշակույթի նախարարությունն ընտրել է երկուսին՝ Սուրեն Շահվերդյանին ու Կարեն Ներսիսյանին: Դերասանների մի մասը սատարում էր Կարեն Ներսիսյանին, մի մասն էլ չէր ուզում նրան: Որոշեցինք այդ երկու թեկնածուին հնարավորություն տալ աշխատել թատրոնում: Բայց մենք այդ երկուսին ընտրել ենք ոչ թե որ Կարեն Ներսիսյանը 21 հոգու թեկնածուն է, Սուրեն Շահվերդյանին էլ շատ ենք սիրում, ուզում ենք՝ թատրոնը քանդի՝  ո՛չ: Երկուսի կենսագրությունը, աշխատանքները, միջազգային արժեքը ամենաընդունելի են: Բացի այդ, դեր է խաղացել նաև այս երկու ռեժիսորների տարբեր մտածելակերպը: Այդ երկու թեկնածուն պետք է մի փոքր պիես բեմադրեն, որից հետո կորոշվի՝ ո՛վ է լինելու թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Նախարարի որոշմամբ՝ մինչև հաջորդ տարվա փետրվարի վերջ կամ մարտի սկիզբ կամ մինչև հունվարի վերջ, եթե հասցնեն ներկայացումը բեմադրել, այս հարցը պետք է որոշված լինի:

araratnews.am