Ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով հերքում է այն լուրերը, որ որևէ մեկը պատրաստվում է փակել Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնը: Ռեժիսորը մասնավորապես գրել է
«Սիրելի հայրենակիցներ, հարգելի թատերասերներ և հանդիսատես, որևէ մեկը Հայաստանում չի պատրաստվում փակել ռուսական թատրոնը, բավական է քաղաքականացնեք ամեն բան, բավական է ատելություն մտցնեք և անհեթեթություն տարածեք:
Իմ հարցազրույցում ես նշում էի, որ անկախ Հայաստանում չպետք է լինի ռուսական թատրոն, նկատի ունեի, որ չպետք է լինի այնպիսի ռուսական թատրոն, որը մենք ունենք այսօր: Ամոթ է ունենալ նման թատրոն, որտեղ Ալեքսանդր Սամսոնիչի մահից հետո ինտրիգներից և իրար կրծելուց բացի՝ ոչինչ տեղի չի ունենում: Ռուսական թատրոնի ապագայի մասին իմ ծրագրում ամեն բան կոնկրետ նկարագրված է:
Իմ ծրագրի կետերից մեկը. Թատրոնի ղեկավարման քաղաքականությունը
Իմ կարծիքով՝ գեղարվեստական ղեկավարը պետք է նշանակվի Մշակույթի նախարարության կողմից, և նրա իրավասությունները թատրոնում պետք է լինեն շատ ուժեղ, միայն այդ ձևով կարելի է ոտքի կանգնեցնել թատրոնի խումբը և վերջ դնել ինտրիգներին:
Իսկ տնօրենն էլ պետք է նշանակվի գեղարվեստական ղեկավարի առաջարկով: Թատրոնում կարող է լինել գեղարվեստական խորհուրդ, սակայն դրա անդամները պետք է լինեն ոչ այդ թատրոնից:
Ես մեծացել եմ թատրոնում, ահա թե ինչպես եմ պատկերացնում ինչպիսին պետք է լինի թատրոնի ղեկավարը. ըստ իս՝ եթե ղեկավարը թատրոնի հոգին է, ապա թատրոնը դատապարտված է հաջողության և հաղթանակների: Պետք է պարզապես լինել թատրոնի հոգին: Այսքանը»: