Google ձեռնոց է նետում Apple, Samsung և այլ սմարթֆոն արտադրող ընկերություններին
Advertisement 1000 x 90

Google ձեռնոց է նետում Apple, Samsung և այլ սմարթֆոն արտադրող ընկերություններին

Google ընկերությունը ներկայացրել է իր նոր սմարթֆոնը՝ հագեցած ավելի մեծ հնարավորություններով: Ընկերությունը փորձում է մրցել այլ սմարթֆոն արտադրողների հետ:

Google ընկերությունը օրերս Նյու Յորքում կայացած միջոցառման ընթացքում ներկայացրել է իր նոր սմարթֆոնը:

«Մեր սմաթրֆոնն իր մեջ ընդգրկում է այս պահին ամենաորակյալ տեսախցիկը: Սա է նոր Pixel 3 խելացի հեռախոսը»,- ասում է ընկերության առաջին փոխնախագահ Ռիք Օսթերլոհը:

Մյուս սմարթֆոնների նման այն արտադրել է սովորական և ավելի մեծ էկրան ունեցող տարբերակներ:

«Մենք գիտենք, որ կան սպառողներ, ովքեր ցանկանում են ունենալ ավելի մեծ հեռախոսներ, ուստի մենք ներկայացնում ենք Pixel 3 XL սմարթֆոնը, որն ունի ավելի մեծ էկրան: Բացի էկրանին ցուցադրվող պատկերից վերևում այն նաև կունենա զուգահեռ գործողության հնարավորություն »,- ասում է Google-ի ղեկավար կազմի անդամ Լիզա Մանը:

Այս նոր հեռախոսի տեսախցիկն ունի բազմաթիվ նոր հնարավուրություններ, ներառյալ Top Shot ու Group Selfie Cam հնարավորությունները: Վերջինս օգտակար է հատկապես սելֆիների սիրահարներին:

«Այժմ բոլորը հեշտությամբ առանց սելֆիի ձողի կամ ձեռքերը շատ երկարացնելու կարող են տեղավորվել տեսախցիկի օբյեկտիվում: Հեռախոսն ունի zoom out հնարավորությունը, որը ընդգրկում է ոչ միայն ավելի մեծ քանակությամբ մարդկանց, այլ նաև ավելի մեծ տարածություն»,- նշում է ընկերության փոխնախագահ Բրայան Ռակովսկին:

Ներկայացված այս սմարթֆոնն ընկերության որդեգրած քաղաքականության շարունակությունն է, որի նպատակն է ավելի հանրայնացնել իր տեխնիկական միջոցներն ու Android համակարգը:

Նախկինում ընկերության առաջարկած առաջին երկու սերունդների հեռախոսներն այդքան մեծ ճանաչում չստացան:Data Corp-ի տրամադրած տեղեկության համաձայն վերջին երկու տարիների ընթացքում ընկերությունը վաճառել է ընդամենը 7 միլիոն սմաթրֆոն, իսկ այդ ժամանակահատվածում ընդհանուր վաճառված սմարթֆոնների թիվը հասել է 3,6 միլիարդի:

Այս սմարթֆոնի արտադրությամբ ընկերությունը հույս ունի մրցակցել Apple, Samsung և սմարթֆոն արտադրող այլ ընկերությունների հետ:

Այն ունի որոշակի առավելություններ, որոնցից են Android համակարգի միջոցով Google Map, Youtube-ի և նմանատիպ այլ հայտնի հավելվածների ավելի դյուրին գործակցումը: Ընկերությունը ներկայացրեց նաև իր նոր Pixel Slate պլանշետն ու Home Hub տնային սարքը, որը աշխատում է ձայնային հրահանգների միջոցով:

amerikayidzayn.com