«Շենգավիթ» ԲԿ–ում հոկտեմբերի 20-ին նորածին է մահացել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ Ոստիկանությունից։
NEWS.am ահազանգած մահացած նորածնի հորեղբայրը պնդում է, որ երեխայի մահվան մեղավորը ծնունդն ընդունող բժշկուհին է՝ Արաքս Հակոբյանը։
«Առավոտյան ժամը 9-ին ասում են՝ երեխան ծնվել է, մեկ ժամ հետո ասում են՝ երեխայի վիճակը ծանր է, ժամը 14։00-ին ասում են՝ երեխայի մահվան վկայականի համար էսինչ թղթերն են պետք։ Մենք մեղադրում ենք բժշկին, որ ժամանակին անհրաժեշտ օգնություն չի ցուցաբերել, կեսարյան հատում չի արել, հետո երեխային վնասելով է հանել։ Մորն էլ վիրավորել է, ասել է՝ կեսարյան արեք, բժիշկն ասել է՝ վեր ընկիր տեղդ։ Բժիշկը երեխուն սպանել է, մեզ ասել է՝ երեխան դեռ շնչում է»,- պատմեց նորածնի հորեղբայրը՝ Անդրանիկ Գևորգյանը։
Նա նշեց, որ ի սկզբանե ծննդկանին կեսարյան հատում ցուցված չի եղել, երբ ծննդկանը վատ է իրեն զգացել, խնդրել է իրեն կեսարյան հատում անել, սակայն բժիշկուհին անտեսել է։
Ծնունդն ընդունող բժշկուհի Արաքս Հակոբյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին ինքը չի կարող հարցերի պատասխանել։
ՀՀ քննչական կոմիտեից էլ հայտնեցին, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՔՕ 130 հոդվածի 2-րդ մասով՝ (բժշկական օգնություն իրականացնողը, եթե թերանում է ու անզգուշությամբ հանգեցնում հիվանդի մահվան, պատժվում է ազատազրկմամբ` 2-6 տարի ժամկետով, իսկ պաշտոն զբաղեցնելու դեպքում` ազատում պաշտոնից` առավելագույնը 3 տարի ժամկետով)։
Դատաբժշկական նախնական փորձաքննությամբ նորածինը մահացել է գանգուղեղային վնասվածքից։