Բերեք Փարիզից մեկին, թող աշխատի. ուրցաձորցիները կառավարության դիմաց բողոքի ակցիա են անցկացնում
Advertisement 1000 x 90

Բերեք Փարիզից մեկին, թող աշխատի. ուրցաձորցիները կառավարության դիմաց բողոքի ակցիա են անցկացնում

Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում կառավարության դիմաց:

Նրանք դեմ են համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանի նշանակմանը:

«Բերեք Փարիզից մեկին, թող աշխատի, մենք չենք ուզում իրեն: Մեր գյուղապետը շատ լավ էր աշխատում, իսկ հիմա իրենց անձնական շահերով մարդ բերեցին և նշանակեցին»,- նշեց բնակիչներից մեկը:

Բնակիչների խոսքերով՝ 5 օր է, ինչ գյուղում խառը վիճակ է, սակայն մարզպետը որևէ կերպ չի արձագանքում: Ուրցաձորցիները նշում են, որ 3 ամիսը մեծ ժամանակ է և այդ ընթացքում հնարավոր է մեծ սխալներ թույլ տալ:

«Մեղք է այդ տղան, մեղք է, խեղճ Գևորգ, ի՞նչ պիտի անի նա: Մեզ պետք չեն մարդիկ, որ հեռախոսով կառավարեն երկիրը: Մենք 9 ավագանու անդամ ենք, որից 7-ը կամ 8-ը դեմ է»,- SHANTENWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ուրցաձորի ավագանու անդամներից Ռուզաննա Սարգսյանը:

Ուրցաձորցիները հայտարարում են, որ իրենք որևէ կուսակցության հետ կապ չունեն, և սա միայն գյուղի հարցն է, պետք չէ քաղաքականացնել շարժումը:

Նրանց խոսքերով՝ գյուղում այժմ պայթյունավտանգ իրավիճակ է և խնդրին պետք է շուտափույթ լուծում տրվի:

SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ուրցաձորում բողոքում են համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի դեմ: Երեկ ևս հոկտեմբերի 24-ին կրկին բողոքի ակցիա են իրականացրել: Ակտիվիստ Ռոզա Մուրադյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ համայնքապետարանի աշխատակազմը, ինչպես նաև նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանի համակիրները` մոտ 20-30 հոգի, փակել են համայնքապետարանի դուռը, թույլ չեն տալիս, որ համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարը ներս մտնի և աշխատի:

Հիշեցնենք, որ ուրցաձորցիները հոկտեմբերի 23-ին դարձյալ նմանատիպ բողոքի ակցիա են իրականացրել: Մարզպետարանում, սակայն, հակված են, որ նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատարը աշխատի:

shantnews.am