Նաբոկովի վեպը ոչ ոք չի կարդա
Advertisement 1000 x 90

Նաբոկովի վեպը ոչ ոք չի կարդա

Վլադիմիր Նաբոկովի որդին պատրաստվում է ոչնչացնել իր հոր վերջին, չտպագրված վեպը: Դմիտրի Նաբոկովն ասել է, որ դա անում է իր հոր վերջին ցանկության համաձայն: «Լարայի ծագումը» վեպը ոչ ընթերցողները, ոչ էլ որևէ գրականագետ չի կարդա: Վլադիմիր Նաբոկովը կտակել է իր մահից անմիջապես հետո այրել ձեռագիրը, սակայն գրողի այրին` Վերան չի համարձակվել կատարել ամուսնու վերջին կամքը և չտպագրված վեպի ճակատագրի որոշումը թողել է 71-ամյա օպերային երգիչ Դմիտրի Նաբոկովի հայեցողությանը: «Լարայի ծագումը» գրվել է 1997 թվականին, և նրա բովանդակության մասին քիչ բան է հայտնի: Վեպն ունեցել է նաև մեկ այլ վերնագիր` «Մահը ծիծաղելի է»: Վլադիմիր Նաբոկովը իր մտահղացումը հասցրել է կիսով չափ ավարտել և դեմ է եղել անավարտ գործի տպագրմանը: 1976 թվականին` գտնվելով Լոզանի կլինիկայում, նա աշխատել է իր նոր վեպի վրա և բուժկազմին վեպից հատվածներ է կարդացել: Տուն վերադառնալով և զգալով, որ չի հասցնում ավարտել իր վեպը, Նաբոկովն օրագրում գրել է. «Տան միջի աղբը, նույնիսկ եթե այն սենտիմենտալ կամ կոմերցիոն արժեք ունի, չպետք է տանը մնա»: Գրողի որդին ձեռագիրն այրելու համարձակություն չի ունեցել և նույնիսկ ցանկացել է սակավ տպաքանակով տպագրել, բայց այժմ մտափոխվել է և որոշել է հարգել հոր ցանկությունը: Ռուս գրող Անդրեյ Բիտովն ասել է. «Եթե նույնիսկ որևէ մեկն այդ ձեռագիրն արժեքավոր է համարում, պետք է ականջ դնել հեղինակի ցանկությանը: Նաբոկովը բարձրաճաշակ մարդ էր, և եթե չէր ուզում իր վեպը տպագրված տեսնել, ուրեմն պատճառներ ուներ»:

Ն.Հ.

«168.am»