Մանկատան դիմաց լքված երկվորյակ նորածինները շարունակում են գտնվել Գյումրու երեխաների տանը:
Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատարի օգնական Մագդա Արսենյանը:
Նրա խոսքով՝ մարդիկ շարունակում են նամակներով դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար երկվորյակների մայրիկին: «Հարցը հենց առաջին օրվանից գտնվում է Մանե Թանդիլյանի ուշադրության ներքո: Մենք ամեն ջանք գործադրել ենք տեղեկանալու դեպքի հետ կապված բոլոր մանրամասներին»,- ասաց Արսենյանը՝ հավելելով, որ ներկայում էլ նախարարությունում սոցիալական աջակցության համապարփակ մեխանիզմներ են մշակվում, որպեսզի կարողանան հասցեական օգնություն տրամադրել այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն:
«Գյումրու մանկատան դիմաց գտնված երեխաները մայրիկի մոտ չեն, բայց մայրիկն այցելել է նրանց և խոստովանել, որ գիտակցել է սխալը և ցանկանում է երեխաներին ետ վերադարձնել»,- նշեց նա:
Մագդա Արսենյանը վստահեցրեց, որ ամեն ինչ արվում է հասկանալու համար՝ արդյոք պետությունն իր իրավասության և պարտականությունների չափով ջանքեր գործադրե՞լ է ընտանիքին սոցիալապես անապահով վիճակից հանելու համար:
«Մենք փորձում ենք հասկանալ, թե ինչ չի արել պետությունը և ինչ պարտավորություն ուներ քաղաքացին, որ չի կատարել: Չէ՞ որ սոցիալական անապահով վիճակն է դրդել նրան դիմել այդ քայլին՝ լքել երեխաներին»,- հավելեց բանախոսը:
Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը փաստեց, որ երկվորյակներին լքած կինը հղիությունը տարել է անչափահաս տարիքում: «Մենք խոսում ենք միայնակ մոր մասին, որի կողքին հղիության ընթացքում և այժմ էլ տղամարդ չկա: Մենք գործ ենք ունեցել ոչ միայն համապարփակ խտրականության, այլև հասարակական պարսավանքի հետ»,- նշեց նա:
Իրավապաշտպանն ընդգծեց, որ խնամակալության հանձնաժողովները մեր երկրում պրոֆեսիոնալ չեն գործում: «Բազմաթիվ են նման դեպքերը, երբ խնամակալության հանձնաժողովի նախագահը ոչ միայն որևէ դրական միջամտություն չի կարողանում իրականացնել բռնություն իրականացված ընտանիքում, այլև խրախուսում է այդ բռնությունը,-ասաց նա:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ Գյումրիում մանկատան դիմաց լքված երկվորյակ նորածինների որդեգրման գործընթացը կասեցված է երկամսյա ժամկետով։