Մասնագիտությամբ թարգմանիչ Արտաշես Էմինը Հայաստանում Կանադայի հյուպատոսն է: «Կանադան լավ, հանգիստ երկիր է, մեծ ռեսուրսներ ունի և ճիշտ քաղաքականություն է վարում: Սոցիալիզմի տարրեր ունի՝ կրթությունն ու բժշկությունն անվճար են»,- ասում է բանաստեղծ Գևորգ Էմինի որդին, ով ինքն էլ կարծես Կանադայի նման հանգիստ, իր կյանքի ուղին լավ պատկերացնող մարդ է: Նա վստահ է, որ վաղն այսօրվանից լավն է լինելու, քանի որ յուրաքանչյուր մարդ՝ իր գործն անելով և բարդություններին հումորով նայելով, մոտեցնում է այդ վաղը: Արտաշես Էմինի նախաձեռնությամբ Sony ձայնագրման ստուդիայում պատրաստվել է Գևորգ Էմինի բանաստեղծություններով գրված երգերի ձայներիզը, որի շնորահանդեսը տեղի կունենա նոյեմբերի 23-ին:
– Նոր ձայներիզի մեջ հինգ բոլորովին նոր երգեր կան, իսկ հին երգերը կհնչեն նոր գործիքավորմամբ: Իսկ մեկ երգ՝ հայրիկիս «Ստրիպտիզ» բանաստեղծության հիման վրա գրել է Քրիստ Մանարյանը: Շնորհանդեսին մի քանի երգիչներ կերգեն, հանդիսատեսին շատ չենք ծանրաբեռնի:
– Փորձե՞լ եք ձայներիզը պաշտպանել «պիրատներից»:
– Հեղինակահենները չեն կարողանա ձայներիզի հետ վաճառվող բանաստեղծությունների գրքույկը վերարտադրել: Դա նրանց համար թանկ հաճույք կլինի: Նրանք եկամուտ են ուզում ստանալ, իսկ ես՝ ոչ:
– Ինչո՞ւ չեք մտածում եկամտի մասին:
– Այդ ձայներիզով ես ուզում եմ հոգուս պարտքը կատարել հայրիկիս առաջ: Գոնե փորձում եմ: Հետո գիտեմ, որ մինչև վիդեո չլինի, երգերը ոչ կլսվեն են, ոչ էլ սիրելի կդառնան, այսինքն՝ եկամուտ չեն բերի: Իսկ տեսաշար պատրաստելը կապված է շատ մեծ ծախսերի հետ, որոնց ես պատրաստ չեմ: Եվ այդպիսի նպատակ էլ չունեմ:
– Գևորգ Էմինի բառերով գրված երգերը հաճախ են կատարվում, դուք՝ որպես ժառանգորդ, հեղինակային վճար ստացե՞լ եք: Մենք հեղինակների իրավունքները պաշտպանող օրենք ունենք:
– Ես չեմ ստացել: Կարծում եմ, ընդհանուր ասպարեզում այդ օրենքը չի աշխատում: Համեստ, երկչոտ փորձեր արվում են: Կամ էլ ոչ երկչոտ, ոչ հետևողական, երբ Վեցերորդ վարչությունը ռեյդեր է անում: Դա արվում է ոչ թե հանուն օրենքի, այլ որոշ դերակատարների համար ասպարեզ բացելու նպատակով: Հեղինակահենությունը շատ եկամտաբեր գործ է: «Պիրատական» արտադրանքը օրինականը տասնապատիկ է գերազանցում:
– Երգերը սովորաբար մեղեդիով են սկսվում, բառերը հետո են գրվում և հարմարեցվում են երաժշտությանը: Ձեր ձայներիզում հավաքված երգերը բացառություն են և շատերին լավ ծանոթ են:
– Լավ երգերը միշտ չէ, որ լավ բանաստեղծություններով են գրվում: Սովորաբար լավ, սիրված ու հաճելի երգերը բավականին ախմախ տեքստեր ունեն: Հակառակ օրինաչափություն էլ կա` լավ բանաստեղծությունը հազվադեպ է երգ դառնում: Այս ձայներիզով ես փորձում եմ այդ երկու օրինաչափությունները խախտել: Իմ հայրը երբեք մեղեդու վրա բանաստեղծություն չի գրել: Նրան շատ էին դիմում, խնդրում, բայց նա չէր գրում: Իր շատ լավ ընկեր Էդգար Հովհաննիսյանն ամիսներ շարունակ համոզում էր, որ իր երաժշտությամբ Երևանի մասին երգ գրեր, բայց հայրս պատասխանում էր` պատվերով չեմ աշխատում: Այդ երգը վերջում դարձավ «Էրեբունի-Երևանը», որի բառերը Պարույր Սևակը գրեց: Ինչևէ, հայրս այդպես էր ուզում:
– Դուք երկար տարիներ թարգմանիչ եք աշխատել: Թարգմանչի համար նշանակություն չունի՞՝ ինչ թարգմանել, թե՞ հաճելի թեմաներ կան:
– Ես հիմա էլ եմ այդ գործն անում, մի քանի րոպեից պետք է ջրային ռեսուրսներին վերաբերող ինչ-որ հանդիպում թարգմանեմ: Թեման նշանակություն չունի, բայց հաճելիները կան: Վերջերս մեծ հաճույք ստացա, երբ կրծքով կերակրելու մասին սեմինար էի թարգմանում: Ամերիկացիները եկել էին և մեզ սովորեցնում էին, որ դա լավ ու օգտակար բան է:
– Իսկ երբ հասկանում եք, որ սխալ կամ նույնիսկ անհեթեթ բան պետք է թարգմանեք, կարո՞ղ եք միջամտել, թե՞ որևէ բան շտկելու իրավունք չունեք:
– Իհարկե, իրավունք չունենք, քանի որ դա մեծ պատասխանատվություն է: Ասեմ ավելին, նույնիսկ բողոքելու իրավունք չունենք, երբ պրեզիդենտների բանակցությունների ժամանակ նրանք իրենք են սխալներ թույլ տալիս և իրենց սխալների մեջ մեզ մեղադրում: Ասելով, որ մեղավորը թարգմանիչն է, նրանք հնարավորություն են ստանում խուսափել պատասխանատվությունից: Շատ մեծ իրավունքներ մենք չունենք, բայց ես շատ եմ սիրում իմ գործը:
– Իսկ եթե խոսքն ազգի շահերի կամ հույժ կարևոր խնդրի մասին է գնում, կարո՞ղ եք ազդել բանախոսի ասածներին:
– Կարելի է, օրինակ, աչքով անել, ոտքը սեղմել կամ թեթևակի հրել: Եղել են այդպիսի դեպքեր, մանավանդ, երբ երկրի պատվի մասին է խոսքը գնացել: Պետական գործիչները միշտ չէ, որ համապատասխանում են իրենց աշխատանքային նկարագրին և, երբ միջազգային ասպարեզ են դուրս գալիս, շփոթվում են: Դե, այդ ժամանակ պետք է մի նժարին հայրենասիրությունը դնես, մյուսին՝ պրոֆեսիոնալիզմը: Ու տեսնես, թե որը կգերակշռի: Նայած խնդրո առարկային: Եթե ինչ-որ բան եմ շտկում, դա անում եմ իմ անձնական ամբիցիաներից: Երբ շատ տխմար բան եմ թարգմանում, լսողը կարող է կարծել, որ ես եմ վատ թարգմանում: Իմ ասածի մեջ կատակ կա, բայց իսկապես չեմ ուզում ոչ պրոֆեսիոնալ լինել: Եթե օրվա առաջին ելույթ ունեցողը սխալներ է թույլ տալիս, նրա բախտը բերում է, ես շատ թեթևակի նրա ելույթը տեսքի եմ բերում, որպեսզի լսարանը տեսնի, որ ես լավ եմ անում իմ գործը, և բանախոսների միջև կոնտակտ ստեղծվի: Կա մի լավ ասացվածք՝ մի կրակեք դաշնակահարի վրա, նա միայն նվագում է այն, ինչ նրան ասել են:
– Ինչպիսի՞ն եք տեսնում Երևանը:
– Աշխարհում Երևանից ավելի լավ տեղ չկա: Ես շատ եմ ճամփորդել և դա վստահ եմ ասում: Երևանի մասին երգերի քանակն էլ է չափանիշ: Այդքան մարդկանց Երևանի մասին երգեր գրել հո չե՞ն ստիպել: Քաղաքական, աշխարհաքաղաքական, ռազմական ասպարեզները մի կողմ դրեք, տեսեք, թե մեկ շնչի համեմատ գեղեցիկ մարդիկ որքան մեծ թիվ են կազմում: Նոր սերունդը ոչ մի պրոբլեմ չունի, նրանք Սովետի «հմայքը» չեն տեսել, նրանք հանգիստ ճամփորդում են, հետո ետ են գալիս: Ամեն ինչ շատ լավ կլինի, քանի որ այս տարի ավելի լավ է, քան անցյալ տարի, իսկ անցյալ տարի ավելի լավ էր, քան նախանցյալ տարի: Եվ էդպես` մինչև 1996 թվականը: Փոփոխությունները կուտակվում են:
– Համոզվա՞ծ եք, որ հաջորդ տարի ավելի լավ կլինի:
– Ավելի փիլիսոփայորեն պետք է մոտենալ: Երբ մի լրագրող Թայվանի նախագահ Չան Կայ Շիին հարցրել էր՝ ի՞նչ կարծիք ունեք Ֆրանսիական հեղափոխության մասին, Չան Կայ Շին պատասխանել էր. «Դուք նկատի ունեք 18-րդ դարի հեղափոխությո՞ւնը: Դրա մասին կարծիք կազմելու համար դեռ շատ վաղ է»: Ուզում եմ ասել, որ մենք շտապում ենք ու ցանկանում ենք, որ աշխարհի վերջը մեր աչքի առաջ լինի: Պատմությունը երկար, դինջ պրոցես է: Եվ եթե ուղղությունը գոնե մի քիչ ճիշտ է ընտրված, պետք է հանգիստ, առանց շտապելու ապրել:
– Դուք այլևս գեղարվեստական գրքեր չե՞ք թարգմանում:
– Սովետական տարիներին թարգմանել եմ Ուիլյամ Գոլդինգի վեպերը, Սարոյանի գործերը: Հիմա ուզում եմ թարգմանել Ջեք Հաշյանի «Մամիկոն» վեպը, բայց ոչ հայերեն, այլ՝ ռուսերեն: Հաշյանի իսկական ազգանունը Տրևանյան է, նա երկար տարիներ աշխատել է Ամերիկայի Կենտրոնական հետախուզական վարչությունում և կեղծանվան տակ բեստսելլերներ է գրել: «Մամիկոն» վեպը Եղեռնի մասին է: Մենք ունենք «դարավոր», «փառավոր» հասկացությունները, և Եղեռնն էլ է կարծես դրանց մեջ մտել և ֆետիշացվել: Վարդան Պետրոսյանը փորձեց ինչ-որ բան անել, բայց մինչ այդ Հաշյանը գրեց իր վեպը, որն իրենից էրոտիկ թեքումով կիսավեստեռն, կիսաթրիլլեր է ներկայացնում: Շատ հզոր գործ է: Ես ուզում եմ ռուսերեն թարգմանել, որպեսզի մի քանի անգամ ավելի շատ մարդ կարդա: Այսինքն՝ և նրանք, և մենք կարդանք: Ես հաճույքով կթարգմանեմ «Մամիկոնը», եթե, իհարկե, ժամանակ ունենամ: Գրքի տպագրվելն ինձ չի մտահոգում, փառք Աստծո, ինտերնետ կա, կդնեմ, թող կարդան: Իմ գործը թարգմանելն է:
– Ոչ միանշանակ արձագանքից, նույնիսկ քարկոծումից չե՞ք վախենում:
– Միգուցե հենց քարկոծվելու վախն է ինձ ստիպում չտպագրել Չարենցի անտիպ գործերը, որոնք մեր տանն են պահվում: Վախենում եմ հնարավոր հետևանքներից: Երևի տպագրելու ժամանակը դեռ չի հասունացել: Հայրս դրանք սրբորեն պահում էր և չէր համարձակվում տպագրել: Ես էլ չեմ համարձակվում:
– Ինչը տպագրել և ինչը չտպագրել. այս որոշմամբ, մարդն ազդում է պատմության վրա: Ստացվում է, որ պատմությունը կախված է մեկ մարդու որոշումից:
– Իհարկե, մարդն է որոշում, հո կառավարությունը չի՞ որոշում:
Նունե Հախվերդյան
«168.am»